«Էքսպո 2020- Դուբայ»-ի Հայաստանի տաղավարում ներկայացված են հայկական պատմամշակութային արժեքները

ԵՐԵՎԱՆ ՆՈՅԵՄԲԵՐԻ 8,  24 News

․

«Էքսպո 2020- Դուբայ» համաշխարհային ցուցահանդեսում հայկական տաղավար այցելող աշխարհի տարբեր երկրներից ժամանած բազմաթիվ հյուրերը հետաքրքրությամբ ծանոթանում են հայկական պատմամշակութային արժեքներին, մեր երկրի զբոսաշրջային վայրերին, տնտեսական հնարավորություններին։

Մասնավորապես՝ հոկտեմբերի 25-ին Հայաստանի տաղավար է այցելել ԱՄԷ կրթության նախարար Հուսեյն բին Իբրահիմ Ալ Համադին, այնուհետև կիսվել տաղավարի մասին իր դրական տպավորություններով։ Այցի ընթացքում Հայաստանի տաղավարի տնօրեն Լիլիթ Հակոբյանի հետ ԱՄԷ նախարարը քննարկել է երկու բարեկամ երկրների մշակութային ընդհանրությունները և նշել, որ մոտ ապագայում նախատեսում է այցելել Հայաստան՝ համագործակցության հեռանկարները քննարկելու նպատակով։

Նոյեմբերի 2-ին տեղի է ունեցել Հայաստանի տաղավարի տնօրեն Լիլիթ Հակոբյանի և «Էնթերփրայզ Արմենիա» հիմնադրամի ներդրումների խթանման և արտաքին կապերի ավագ մենեջեր Գևորգ Բաղդասարյանի հանդիպումը Քուվեյթի ուղղակի ներդրումների խթանման գործակալության (Kuwait Direct Investment Promotion Authority) ներկայացուցիչների հետ։

Հանդիպման ընթացքում կողմերը ներկայացրել են երկու երկրների ներդրումային միջավայրը, գրավչությունները և գործարար հնարավորությունները, նաև քննարկել «Էնթերփրայզ Արմենիա» հիմնադրամի և Քուվեյթի ուղղակի ներդրումների խթանման գործակալության միջև համագործակցության հեռանկարները։

Արդյունքում կողմերը պայմանավորվել են առաջիկայում կազմակերպել հայկական պատվիրակության այցը Քուվեյթ՝ համատեղ քննարկելու և հստակեցնելու համագործակցության առաջիկա անելիքները և անցնելու գործնական քայլերի։

Նոյեմբերի 4-ին Dubai TV 1 հեռուստաընկերությանը տված հարցազրույցում Լիլիթ Հակոբյանը ներկայացրել է ցուցահանդեսում հայկական տաղավարի գաղափարը, ծանոթացրել Հայաստանի մշակույթին։

Գևորգ Բաղդասարյանն իր հարցազրույցում խոսել է Հայաստանի ներդրումային միջավայրի, ներկայիս տնտեսական վիճակի և հեռանկարների մասին։ Որպես ներդրումների համար առավել հեռանկարային ոլորտներ՝ նա առանձնացրել է գյուղատնտեսությունը, սննդի և թեթև արդյունաբերությունը, զբոսաշրջությունը, դեղագործությունը, տեղեկատվական և բարձր տեխնոլոգիաները՝ հավելելով, որ Հայաստանի կառավարությունը հետաքրքրված է հատկապես նոր տեխնոլոգիաներով ներդրումների ներգրավմամբ։ Նա նաև տեղեկացրել է, որ Հայաստանի կառավարությունը, COVID-19 համավարակի տնտեսական վնասների հաղթահարման նպատակով, նախաձեռնել և իրականացրել է մի շարք աջակցության ծրագրեր։

--00--ԱՀ