Ադրբեջանցիները ռազմավարական բարձունքներ են գրավել. Սյունիքը վտանգի մեջ է. Wargonzo

ԵՐԵՎԱՆ, ՆՈՅԵՄԲԵՐԻ 18, 24News

Ադրբեջանցիները երեկ Սիսիանի ուղղությամբ տեղի ունեցած թեժ մարտերի արդյունքում կարողացել են գրավել երկու ռազմավարական բարձունք, որի շնորհիվ դիտարկում են Երևան-Գորիս մայրուղին և ցանկացած պահի հրետանային կրակով կարող են կտրել այն՝ այս կերպ անջատելով Սյունիքի մարզը Հայաստանից, ինչպես նաև ամբողջությամբ բլոկադայի մեջ վերցնելով Արցախը։ Այս մասին իր նկարահանած տեսանյութում հայտնում է Wargonzo ծրագրի ռազմական թղթակից Սեմյոն Պեգովը․ նա առավոտյան այցելել է Սիսիան։ 

Ըստ Պեգեվի տրամադրած տեղեկատվության՝ ադրբեջանցիներն իրենց իսկ հայտարարած տվյալներով երեկվա մարտերի ժամանակ կորցրել են շուրջ քսան զինծառայող, սակայն հայտնի չէ, թե որքանով են այս տեղեկությունները համապատասխանում իրականությանը, եթե հաշվի առնենք այն, որ Բաքուն սովորաբար թաքցնում է իր զոհերի իրական թիվը։

Հիշեցնենք, որ նոյեմբերի 16-ին՝ ժամը 13։00-ի սահմանում, ադրբեջանական ԶՈՒ ստորաբաժանումները հերթական սադրանքն էին նախաձեռնել ՀՀ արևելյան սահմանագոտու ուղղությամբ՝ գնդակոծության ենթարկելով հայկական դիրքերը։ ՀՀ ԶՈՒ ստորաբաժանումները դիմել են պատասխան գործողությունների՝ հակառակորդի առաջխաղացումը կանխելու նպատակով։ Ռուսական կողմի միջնորդությամբ ձեռք բերված պայմանավորվածության համաձայն՝ երեկ՝ ժամը 18։30-ից, ՀՀ արևելյան սահմանագոտում կրակը դադարեցվել է, իրադրությունը հարաբերականորեն կայունացել է, հայտնում են ՀՀ ՊՆ-ից։

Ըստ ՀՀ ՊՆ-ի՝ հայկական կողմի պատասխան գործողությունների արդյունքում հակառակորդն ունի անձնակազմի մեծաթիվ կորուստներ, զրահատեխնիկայի շուրջ մեկ տասնյակ միավոր ոչնչացվել կամ շարքից դուրս է բերվել։ Հայկական կողմը նույնպես կորուստներ ունի։ Տվյալները ճշտվում են։ ՀՀ ԶՈՒ 12 զինծառայող՝ 7 պայմանագրային և 5 ժամկետային գերեվարվել են։

--00—ԼՄ