6-ամյա երեխայի վրաերթի գործի նախաքննությունն ավարտվել է. տրակտորավարին մեղադրանք է առաջադրվել

ԵՐԵՎԱՆ,  ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 1,  24 News

ՔԿ

ՀՀ քննչական կոմիտեի Սյունիքի մարզային քննչական վարչությունում ավարտվել է տրակտորավարի կողմից վեցամյա երեխային վրաերթի ենթարկելու դեպքի առթիվ հարուցված քրեական գործի նախաքննությունը: Այս մասին հայտնում են ՔԿ-ից։

Քննությամբ պարզվել և հիմնավորվել է, որ Սյունիքի մարզի բնակիչը, չունենալով մեխանիկական տրանսպորտային միջոցներ վարելու համապատասախան թույլտվություն և վարորդական իրավունք, 2021թ. սեպտեմբերի 16-ին, «Մեղրի ՃՇՇՁ» ՍՊ ընկերությանը պատկանող մեխանիկական տրանսպորտային միջոց համարվող «CLG-856» մակնիշի տրակտորը հետընթաց վարելով, խախտել է ճանապարհատրանսպորտային երթևեկության կանոնների  համապատասխան պահանջները, ինչի արդյունքում վրաերթի է ենթարկել իր երթևեկությանը համընթաց քայլող վեցամյա աղջկան` անզգուշությամբ պատճառ հանդիսանալով  վերջինիս մահվան համար:

Նախաքննությամբ ձեռք բերված բավարար ապացույցների համակցությամբ տրակտորավարին մեղադրանք է առաջադրվել՝ ՀՀ քրեական օրենսգրքի 242-րդ հոդվածի 2-րդ մասով:                      

Նախաքննությունն ավարտվել է, և քրեական գործը, մեղադրական եզրակացությունը հաստատելու և դատարան ուղարկելու միջնորդությամբ, ուղարկվել է հսկողություն իրականացնող դատախազին:

 --00—ՄՀ