ՍԴ որոշումից հետո դատական նիստ չի նշանակվել, Մխիթար Զաքարյանն էլ ազատ չի արձակվել. պաշտպան

ԵՐԵՎԱՆ, ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 10, 24News

երեմ

Երեկ ՍԴ որոշումից անմիջապես հետո Մխիթար Զաքարյանը պետք է ազատ արձակվեր առանց որևէ այլ որոշման՝ հենց օրենքի ուժով, քանի որ համարվում է անօրինական կալանքի տակ պահվող։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է «Հայաստան» խմբակցության պատգամավոր Մխիթար Զաքարյանի պաշտպան Երեմ Սարգսյանը:

«Չնայած դրան՝ ավելորդ ձգձգումներից խուսափելու համար երեկոյան միջնորդություն ենք ներկայացրել դատարան Մխիթար Զաքարյանին անհապաղ կալանքից ազատելու պահանջով։

Մինչ այս պահը դատական նիստ չի նշանակվել, իսկ Մխիթար Զաքարյանն էլ ազատ չի արձակվել։

Սա կամ դիտավորություն է, կամ էլ  հանցավոր անփութություն:

Երկու դեպքում էլ հանցագործություն է, ուստի դեռևս հորդորում եմ անհապաղ ազատ արձակել ապօրինի կալանքի տակ պահվող Մխիթար Զաքարյանին…»:

Ավելի վաղ հրապարակվեց ՍԴ որոշում, ըստ որի՝ Սահմանադրական դատարանը արձանագրել է՝ անազատության մեջ գտնվող պատգամավորի կարգավիճակ չունեցող անձը պատգամավորի կարգավիճակ ձեռք բերելու պահից, չի կարող պահվել անազատության մեջ։

Անազատության մեջ են պահվում «Հայաստան» խմբակցության երեք պատգամավորներ՝ պրոֆեսոր Արմեն Չարչյանը, Մեղրիի նախկին քաղաքապետ Մխիթար Զաքարյանը, Սիսիանի նախկին քաղաքապետ Արթուր Սարգսյանը:

--00—ԼՄ