COVID-19 համավարակի կանխարգելման միջգերատեսչական հանձնաժողովը նիստ է գումարել

ԵՐԵՎԱՆ,  ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 10,  24 News

փոխվարչապետ

ՀՀ փոխվարչապետ Համբարձում Մաթևոսյանի գլխավորությամբ դեկտեմբերի 10-ին տեղի է ունեցել COVID-19 համավարակի կանխարգելման միջգերատեսչական հանձնաժողովի նիստը:

ՀՀ փոխվարչապետ Համբարձում Մաթևոսյանի գրասենյակից տեղեկացնում են, որ բացման խոսքում փոխվարչապետը նշել է, որ նման ձևաչափով հանձնաժողովի անդրանիկ նիստի օրակարգում շարունակում են մնալ համավարակի կանխարգելման միջոցառումները: Ըստ նրա՝ պատվաստանյութերն արդեն հասանելի են, ինչը իրական հնարավորություն է՝ կանխարգելելու համավարակի տարածումը և դրա բացասական ազդեցությունը: Համբարձում Մաթևոսյանը հավելել է, որ համավարակի նոր շտամը՝ «օմիկրոնը», կարծես դեռ բավարար չափով ուսումնասիրված չէ, և վտանգ կա, որ կարող է ավելի ծանր ալիքի սկիզբ դառնալ: Նա հորդորել է քաղաքացիներին պատվաստվել և կոտրել համավարակի շղթան՝ վեր դասելով հանրային շահն ու առողջությունը:

Նիստի ընթացքում, որին մասնակցել են գործադիր և օրենսդիր իշխանության ներկայացուցիչներ, քննարկվել է Հայաստանի Հանրապետությունում՝ Covid-19-ով պայմանավորված իրավիճակը: ՀՀ առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը ներկայացրել է վարակի տարածման ներկայիս միտումների պատկերը և պատվաստումների առկա ցուցանիշները: Նիստի ընթացքում քննարկվել են համավարակի կանխարգելման առկա միջոցառումների արդյունավետությունը և վերջինիս բարձրացման ուղղությամբ նախատեսվող առաջիկա քայլերը:

--00—ՄՀ