Մարտակերտում Արմենակ Ուրֆանյանի անունով փողոց է անվանակոչվել

ԵՐԵՎԱՆ, ՓԵՏՐՎԱՐԻ 1, 24News

․

Մարտակերտի շրջվաչակազմի շենքից մինչև զորամասն ընկած հատվածն այսուհետ կրելու է 2016 թվականի ապրիլյան քառօրյա պատերազմում զոհված կապիտան, Արցախի հերոս Արմենակ Ուրֆանյանի անունը։

Այս մասին «Արցախպրես»-ին տեղեկացրել են «Ջրաբերդ» պաշտոնաթերթից։ Ըստ աղբյուրի` Մարտակերտի քաղաքային համայնքի ավագանին փողոցի անվանակոչության մասին որոշումն ընդունել է 2021 թվականի դեկտեմբերի 1-ին` հաշվի առնելով շրջանի վարչակազմի ղեկավար Արսեն Ավանեսյանի առաջարկությունը, նաև Հերոսի անցած մարտական ուղին, ապրիլյան քառօրյայում նրա սխրագործությունն ու հայրենանվեր պահվածքը։

2016 թվականի ապրիլի 2-ի գիշերը Մարտակերտի ուղղությամբ տեղակայված դիրքը հակառակորդի կողմից ենթարկվել է ինտենսիվ հրետակոծության, ապա այն գրոհել են հակառակորդի տանկերն ու հարյուրավոր զինված զինվորներ: Դիրք ներթափանցելու հակառակորդի բոլոր ջանքները կասեցրել են վաշտի ժամկետային զինծառայողներ Քյարամ Սլոյանը, Անդրանիկ Զոհրաբյանը և Ռոբերտ Աբաջյանը` կապիտան Արմենակ Ուրֆանյանի հրամանատարությամբ: Անհավասար մարտում նրանք հետ են մղել թշնամու ներթափանցման բազմաթիվ փորձերը, որոնց ժամանակ հակառակորդը շարունակել է նաև հրետակոծությունը: Արմենակ Ուրֆանյանը զոհվել է արկերից մեկի պայթյունից։ 2020 թվականի օգոստոսի 29-ին Արմենակ Ուրֆանյանը Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանի հրամանագրով հետմահու արժանացել է «Արցախի հերոս» բարձրագույն կոչման՝ պարգևատրվելով «Ոսկե արծիվ» շքանշանով։

--00--ԱՀ