Նախագահի թեկնածուն բողոքել է մամուլից, պատմել իր մասին․ «Հրապարակ»

ԵՐԵՎԱՆ, ՓԵՏՐՎԱՐԻ 2, 24News

վահագն

«Հրապարակ» թերթը գրում է. «ՀՀ նախագահի իշխանական թեկնածու Վահագն Խաչատուրյանը երեկ այցելել է ԱԺ, հանդիպել ՔՊ խմբակցության հետ, կարճ հանդիպում է ունեցել Սահմանադրության պահանջով ՀՀ նախագահի լիազորությունները ստանձնած Ալեն Սիմոնյանի հետ։

Խաչատուրյանը խորհրդարան է գնացել՝ իշխանական պատգամավորների հետ ծանոթանալու եւ հայցելու նրանց աջակցությունը։ Մեկուկես ժամանոց հանդիպման մեծ մասը նա նվիրել է իր կենսագրականը ներկայացնելուն, դժգոհել է լրագրողներից, թե իր կենսագրությունը խեղաթյուրում են, հատկապես քաղաքապետ եղած տարիների գործունեության մասին են լեգենդներ գրում։

Մեր աղբյուրները փոխանցեցին, որ հանդիպումն անցել է ջերմ ու մտերմիկ մթնոլորտում, պատգամավորները դրական տպավորություն են ստացել թեկնածուից։ Ինչպես հայտնի է, ԱԺ-ն գաղտնի քվեարկությամբ է ընտրելու նրան։ Սահմանադրության համաձայն, ՀՀ նախագահի պաշտոնանկության, հրաժարականի կամ մահվան դեպքերում նախագահի պաշտոնը թափուր մնալուց ոչ շուտ, քան 25, եւ ոչ ուշ, քան 35 օր հետո անցկացվում է նախագահի արտահերթ ընտրություն, նախագահն ընտրվում է 7 տարի ժամկետով:

Կարող է ընտրվել 40 տարին լրացած, վերջին 6 տարում միայն ՀՀ քաղաքացի հանդիսացող, վերջին 6 տարում ՀՀ-ում մշտապես բնակվող, ընտրական իրավունք ունեցող եւ հայերենին տիրապետող յուրաքանչյուր ոք: Առաջին փուլում նախագահն ընտրվում է պատգամավորների ընդհանուր թվի ձայների առնվազն երեք քառորդով, երկրորդ փուլում՝ արդեն ձայների երեք հինգերորդով, ինչը նշանակում է, որ առաջին փուլում նախագահ չի ընտրվի, որովհետեւ ընդդիմությունը կբոյկոտի, իսկ երկրորդ փուլում արդեն իշխող մեծամասնությունն ինքնուրույնաբար կընտրի իր թեկնածուին:

Նախնական հաշվարկներով, նախագահի ընտրությունը տեղի կունենա փետրվարի 25-ից հետո 10 օրվա ընթացքում»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

--00--ՀԱ