Ընդգծվել է Եվրոպայի խորհրդի համար Հայաստանի կարևորագույն գործընկեր լինելու հանգամանքը

ԵՐԵՎԱՆ, ՄԱՐՏԻ 14, 24News

եխ

Մարտի 8-ին և 9-ին Միջազգային իրավական հարցերով ներկայացուցչի գլխավորած պատվիրակությունը գտնվում էր Ստրասբուրգում:

Այցի ընթացքում Միջազգային իրավական հարցերով ներկայացուցիչ Եղիշե Կիրակոսյանի գլխավորած պատվիրակությանն ընդունել է ԵԽ Մարդու իրավունքների և իրավունքի գերակայության քարտուղարության գլխավոր քարտուղար Քրիստոս Ջակումոպուլոսը: Քննարկվել են երկուստեք հետաքրքրություն ներկայացնող մի շարք հարցեր: Ընդգծվել է Եվրոպայի խորհրդի համար Հայաստանի կարևորագույն գործընկեր լինելու հանգամանքը:

Միջազգային իրավական հարցերով ներկայացուցիչը հանդիպումներ է ունեցել նաև ԵԽ Համագործակցության ծրագրերի բաժնի ղեակավար Լիլյա Գրետասդոթրի և վերջինիս ղեկավարած բաժնի ներկայացուցիչների հետ:

Քննարկվել են ԵԽ-Հայաստան համագործակցության շրջանակներում իրականացվող բազմաթիվ ծրագրերի ընթացքին վերաբերող հարցեր: Եղիշե Կիրակոսյանը կարևորել է ընթացիկ ծրագրերի դերը մարդու իրավունքների և հատկապես ՄԻԵԴ վճիռների կատարման հարցում:

ՄԻԵԴ-ի վճիռների կատարման բաժնի ղեկավար կազմի հետ հանդիպման ընթացքում քննարկվել են կատարման փուլում գտնվող մի շարք վճիռների վերաբերյալ ընթացիկ հարցեր և հատուկ ընդգծվել Հայաստանի կողմից ՄԻԵԴ վճիռների կատարման արդյունավետոթյան բարձրացումը վերջին տարիների ընթացքում:

Եղիշե Կիրակոսյանը հանդիպել է նաև Վենետիկի հանձնաժողովի Սահմանադրական արդարադատության դեպարտամենտի ղեկավար Շնուց Դուրի հետ: Քննարկվել են Հայաստանում ընթացող սահմանադրական փոփոխությունների ընթացքին վերաբերող մի շարք հարցեր:

Միջազգային իրավական հարցերով ներկայացուցիչը հանդիպումներ է ունեցել նաև Մարդու իրավունքների եվրոպական դատարանի քարտուղարության բարձրաստիճան ներկայացուցիչների և դատարանի իրավախորհրդատու Աննա Օսթինի հետ:

Ի թիվս մի շարք հարցերի՝ քննարկվել են Եվրոպական կոնվենցիայի 15-րդ արձանագրության կիրառմանը վերաբերող հարցեր:

Պայմանավորվածություն է ձեռք բերվել սերտորեն համագործակցել ՄԻԵԴ-ի իրավաբանությունը ազգային մակարդակում առավել հասանելի դարձնելուն ուղղված նոր գործիքակազմի ներդրման ուղղությամբ:

--00--ՄՀ