Չնայած հակասություններին՝ ՄԽ երկրները ցանկանում են ավելի կանխատեսելի Հրվ, Կովկաս ունենալ. քաղաքագետ

ԵՐԵՎԱՆ, ՄԱՐՏԻ 15, 24News

քաղաքական

Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորման հարցում առկա է նաև այլ ձևաչափ, որպես միջնորդ է հանդես գալիս Ռուսաստանի Դաշնությունը։ Այս մասին 24News-ին ասաց ԱՊՀ երկրների ինստիտուտի հայաստանյան մասնաճյուղի տնօրեն, քաղաքական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Ալեքսանդր Մարկարովը՝ անդրադառնալով ԵԱՀԿ Մինսկի խմբի կողմից Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության պայմանագրի կնքման նպատակով բանակցություններ կազմակերպելու հնարավորությանը։

Երեկ Հայաստանի արտաքին գործերի նախարարությունը հայտարարություն էր տարածել, որ Հայաստանը պատասխանել է Ադրբեջանի կողմից փոխանցված առաջարկներին ու ՄԱԿ կանոնադրության, Քաղաքական և քաղաքացիական իրավունքների միջազգային դաշնագրի և Հելսինկիի Եզրափակիչ ակտի հիման վրա երկու երկրների միջև խաղաղության պայմանագրի կնքման նպատակով բանակցություններ կազմակերպելու համար դիմել է ԵԱՀԿ ՄԽ համանախագահությանը։

Պրոֆեսոր Ալեքսանդր Մարկարովը նշեց, որ Ռուսաստանը հանդես է գալիս որպես դերակատարող հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորման բանակցություններում, «եթե չասենք խաղաղության հաստատման համար, բայց գոնե դրան ուղղված քայլերի հաջորդականության հարցում»։

Մարկարովը սակայն  չբացառեց ԵԱՀԿ համանախագահող երկրների (Ֆրանսիայի Հանրապետություն, ՌԴ, Ամերիկայի Միացյալ Նահանգներ) համատեղ ջանքերով հարաբերությունների կարգավորմանն ուղղված ազդեցության հնարավորությունը։ «ԵԱՀԿ Մինսկի խումբն ընդհանուր առմամբ ստեղծված է եղել զբաղվելու արցախյան խնդրի կարգավորմամբ՝ հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորման հարցում դիվանագիտական առաքելություն իրականացնելու համար։ Չնայած միմյանց միջև հակասություններին՝ երկրները, որոնք ներգրավված են որպես համանախագահողներ,  ցանկանում են ունենալ ավելի կայուն, ավելի կանխատեսելի, ավելի խաղաղ Հարավային Կովկաս»։

Հայաստան-Ադրբեջան հարաբերությունների կարգավորման փաթեթի մեջ կարո՞ղ է ներառվել Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման հարցը, Մարկարովը նույնպես չբացառեց։ «Ինչպես նախկինում, այնպես էլ հիմա երկու կողմերի [Հայաստան, Ադրբեջան] մոտեցումները կապված ղարաբաղյան խնդրի մասին տարբերվում են։ Ադրբեջանն այդ հարցը դիտարկում է ըստ էության լուծված։ Խնդիրն է այն է՝ արդյո՞ք Ադրբեջանի տեսանկյունից հարցը կարող է լուծվել ուժային եղանակով [44-օրյա պատերազմի հետևանքով Արցախից մնացած հատվածի հարցում]», - ընդգծեց քաղաքագիտության դոկտորը։

--00--ԿԿ