Արայիկ Հարությունյանն ու Գերմանիայի դեսպանը մտքեր են փոխանակել տարածաշրջանային անվտանգության մասին

ԵՐԵՎԱՆ, ԱՊՐԻԼԻ 12, 24News

15248_am_1.jpg

Վարչապետի աշխատակազմի ղեկավար Արայիկ Հարությունյանն ընդունել է Հայաստանում Գերմանիայի Դաշնային Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Վիկտոր Ռիխտերին: Այս մասին հայտնում են վարչապետի աշխատակազմից։

Վարչապետի աշխատակազմի ղեկավարը շնորհավորել է դեսպան Ռիխտերին նշանակման կապակցությամբ և մաղթել արդյունավետ աշխատանք:

Զրուցակիցները մտքեր են փոխանակել տարածաշրջանային անվտանգության հարցերի վերաբերյալ, կարևորել տարածաշրջանում խաղաղության և կայունության ապահովմանն ուղղված ՀՀ կառավարության ջանքերը:

Կողմերը վերահաստատել են տնտեսական համագործակցության ակտիվացման ուղղությամբ ընթացիկ աշխատանքների շարունակականությունն ապահովելու հանձնառությունը, քննարկել Հայաստան-Եվրամիություն համագործակցությանն առնչվող հարցեր, անդրադարձ կատարել երկու երկրների միջև համագործակցության ընդլայնման հնարավոր ուղղություններին: Երկուստեք կարևորվել են համատեղ ջանքերը՝ ակտիվացնելու փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող ոլորտներում երկկողմ տնտեսական փոխգործակցությունը:

Հանդիպման ընթացքում գերմանական կողմը գոհունակություն հայտնելով «ԹՈՒՄՈ» կենտրոնի՝ Գերմանիայում պաշտոնական բացման կապակցությամբ, ընդգծել է վարչապետի աշխատակազմի ղեկավար Արայիկ Հարությունյանի ջանքերը «ԹՈՒՄՈ»-ի նախագծի առաջմղման գործում՝ նշելով, որ հայ-գերմանական երկկողմ հարաբերություններում ՏՏ ոլորտը հեռանկարային է, ինչը նաև կայուն հենք է համագործակցության նոր ուղղությունների նախանշման գործընթացում:

--00--ՀԶ