Մի խումբ անձանց ԱՄՆ անօրինական մեկնումը կանխվեց․ Քրեական ոստիկանության բացահայտումը

ԵՐԵՎԱՆ, ԱՊՐԻԼԻ 13, 24News

Քրեական ոստիկանությունում անօրինական միգրացիայի կազմակերպման վերաբերյալ տեղեկություններն իրացվեցին Հայաստանում ԱՄՆ դեսպանատան տարածաշրջանային անվտանգության ծառայության աշխատակիցների հետ։

Ապրիլի 12-ին ԱՄՆ դեսպանատան մոտից քրեական ոստիկանության գլխավոր վարչություն հրավիրվեցին մի խումբ անձինք: Իրավապահներն արդեն պարզել էին, որ նրանք թիավարությամբ զբաղվող հասարակական կազմակեպության անդամ չեն, սակայն ֆեդերացիայի նախագահը, որը Երևանի Շենգավիթ վարչական շրջանում հաշվառված 35-ամյա տղամարդ է, շահադիտական նպատակով խոստացել էր կազմակերպել նրանց մեկնումը ԱՄՆ։ Այդ նպատակով ֆեդերացիայի նախագահը նրանցից վերցրել էր, նախնական տվյալներով՝ 1500-ից 8 հազար դոլար: Իսկ մեկնելու առիթը ապրիլի 18-ից 28-ը Ֆլորիդա նահանգում տեղի ունենալիք ուսումնավարժական հավաքին մասնակցելն էր: Պարզվել է նաև, որ հասարակական կազմակերպության նախագահը քրեական ոստիկանություն հրավիրված անձանց, նախկին ամսաթվերով, ձևակերպել է որպես կազմակերպության անդամ ու աշխատակից։ Նաև կազմակերպել է նրանց անվամբ փաստաթղթերը դեսպանատուն ներկայացնելը: ԱՄՆ դեսպանատունը մերժել է մուտքի արտոնագրերի տրամադրումը՝ իրականությանը չհամապատասխանող փաստաթղթեր ներկայացնելու համար:

Հանգամանքները քննությամբ պարզվում են: