Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի գործունեության մեջ փոփոխության որևէ նշույլ չկա. տնօրեն

ԵՐԵՎԱՆ, ԱՊՐԻԼԻ 18, 24News

Հայոց ցեղասպանության հարցի առնչությամբ փոփոխության որևէ նշույլ չկա: «Արմենպրես»-ի մամուլի սրահում հրավիրված ասուլիսում այս մասին նշեց Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի տնօրեն Հարություն Մարությանը՝ պատասխանելով այն հարցին, թե ինչ փոփոխություն կարող է լինել այն պարագայում, երբ այս օրերին իրականացվում է Հայաստան-Թուրքիայի երկխոսություն:

«Ես չեմ տեսնում ճնշումներ, թե, իբր, մի կողմ դնենք, չբարդացնենք: Նման բաներ թանգարանի նկատմամբ չկան: Ես անձամբ, թե որպես հետազոտող, թե որպես թանգարանի տնօրեն չունեմ նման մտավախություն: Հայոց ցեղասպանության հիշողությունը մեր ինքնության հենասյուներից է: Այդ հարցի հետ կապված որևէ փոփոխության նշույլ չկա: Քաղաքագիտական հանրությունը շատ բան կարող է ասել ու անել: Նրանք իրենց գործն են անում, ես հարգանքով եմ վերաբերում: Ես կարող եմ ասել, որ մեր գործում որևէ փոփոխություն չկա»,-ասաց թանգարանի տնօրենը:

Ավելին, Հարություն Մարությանը նշեց, որ թանգարան-ինստիտուտը Գիտության կոմիտեին է ներկայացրել Հայոց ցեղասպանության զոհերի և վերապրողների փաստագրման ուսումնասիրության և թվանշային շտեմարան ստեղծելու մեծ ծրագիր: Պետական պատվեր ձևակերպելու համար շատ կարևոր է, որ պետական հաստատությունները հավանության արժանացնեն: Նման հավանություն ստացվել է ՀՀ կրթության գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունից, Սփյուռքի գործերի հանձնակատարի գրասենյակից: Հետազոտության մասին վերջնական որոշումը կկայացվի այս տարվա աշնանը:

Հարություն Մարությանը հիշեց, որ վերջերս կազմակերպել էին ցուցադրություն «Հայոց ցեղասպանությունը վերապրածների ընտանիքների հետքերով» խորագրով: Ներկայցված էին շուրջ 3 տասնյակ վերապրածների ընտանիքների պատմություններ: Նա ընդգծեց, որ որևիցե քաղաքական հարց նրանց կողմից չի բարձրացվել:  

--00--ՀԶ