Ցեղասպանության կանխարգելման Լեմկինի ինստիտուտը դատապարտել է ՀՀ-ի վրա Ադրբեջանի հարձակումը

ԵՐԵՎԱՆ, ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 13, 24News

1092309.jpg

Ցեղասպանության կանխարգելման Լեմկինի ինստիտուտը դատապարտել է Հայաստանի սուվերեն տարածքի նկատմամբ սեպտեմբերի 13-ին Ադրբեջանի սանձազերծած հարձակումը։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ, այս մասին ասվում է ինստիուտի «Թվիթեր»-ի էջում արված գրառումների մեջ։

«Դատապարտում ենք Հայաստանի Հանրապետության և հայ ժողովրդի դեմ Ադրբեջանի գործած պատերազմական ագրեսիան։ Չնայած հրադադարի մասին համաձայնությունների՝ Ադրբեջանի կառավարության ընդհանուր հռետորաբանությունը մատնացույց է անում հայկական ինքնությունն ու տարածքը ոչնչացնելու շարունակական մտադրությունը։

Հայաստանի սահմանների շարունակվող ռմբակոծությունը պատերազմական հանցագործություն են և պետք է դատապարտվեն աշխարհի կողմից»,- հայտնել են  Ցեղասպանության կանխարգելման Լեմկինի ինստիտուտից՝ նշելով, որ ՆԱՏՕ-ն, Ռուսաստանն ու Իրանը պետք է ճնշում գործադրեն Ադրբեջանի և Թուրքիայի նկատմամբ՝ դադարեցնելու հայ ժողովրդի նկատմամբ շարունակվող ցեղասպանական արարքները։  

«Աշխարհը չի կարող նորից մի կողմ քաշվել և թույլ տալ հայերի ոչնչացումը։ Աշխարհը պետք է անհապաղ քայլեր ձեռնարկի՝ կանխելու հայերի դեմ ցեղասպանությունը՝ մեկուսացնելով և պատժամիջոցներ կիրառելով Ադրբեջանի դեմ»,- նշել են ինստիտուտից՝ ընդգծելով, որ պետք է անմիջապես դադարեցնել ռազմական օգնության տրամադրումը Թուրքիային ու Ադրբեջանին, ինչպես նաև Թուրքիային հեռացնել ՆԱՏՕ-ի կազմից։

Սեպտեմբերի 13-ին՝ ժամը 00:05-ից, Ադրբեջանի ԶՈՒ ստորաբաժանումները Գորիսի,Սոթքի և Ջերմուկի ուղղությամբ հրետանային միջոցներից, խոշոր տրամաչափի հրաձգային զինատեսակներից սկսել են ինտենսիվ կրակ վարել հայկական դիրքերի ուղղությամբ: Հակառակորդը կիրառում է նաև ԱԹՍ-ներ: ՀՀ զինված ուժերը համարժեք պատասխան են տալիս: Իրադրությունը հայ-ադրբեջանական սահմանին ժամը 08.00-ի դրությամբ էական փոփոխություններ չի կրել: Սահմանի որոշ հատվածներում դիրքային մարտերը նույնպես շարունակվում են: Հակառակորդը չի դադարեցնում առաջխաղացման փորձերը: Հայկական կողմը հայտնել է զոհերի և վիրավորների մասին:

--00—ԶՀ