Եթե թշնամու ծրագիրը Տավուշի վերաբերյալ իրականանա, սարսափելի կլինի, ամեն ինչ անելու եմ, որ չկատարվի

ԵՐԵՎԱՆ, ՆՈՅԵՄԲԵՐԻ 15, 24News

Մանդատները վայր դնելու մասին խոսք չկա, պայքարը պետք է լինի խորհրդարանում և փողոցում: Այս մասին 24News-ի հետ զրույցում ասաց ԱԺ «Հայաստան» խմբակցության նորընտիր պատգամավոր Գառնիկ Դանիելյանը:

Անդրադառնալով Տավուշից տարածքներ հանձնելու Ադրբեջանի պահանջներին՝ պատգամավորն ասաց՝ կատեգորիկ դեմ է, որ թշնամուն Տավուշից տարածք հանձնվի, քանի որ մեր համար այդ հողերը միայն տարածքային խնդիր չեն, այլ անվտանգային նշանակություն ունեն:

«Մ 5, Բերդ գնացող ճանապարհահատվածը ստրատեգիական նշանակություն ունեցող տարածքներ են, քարտեզներով թող նայեն ու տեսնեն, այդ տարածքները հանձնելու դեպքում ոչ միայն Տավուշի մարզն է նշանառության տակ հայտնվում, այլ նաև՝ Վանաձորը և բազմաթիվ այլ բնակավայրեր:

Տավուշում ապրող մարդիկ չեն պատկերացնում, որ կարող է ադրբեջանական զորամիավորումներ լինեն, եթե թշնամու ծրագիրը իրականանա, սարսափելի պատկեր և մասսայական արտագաղթ կլինի, ես կատեգորիկ դեմ եմ, ամեն ինչ անելու եմ, որ այդ ծրագրերը չիրականանան, որպես տավուշցի պատգամավոր՝ պայքարելու եմ Տավուշի տարածքների համար»,- ավելացրեց Դանիելյանը:

Հերմինե Միքայելյան

--00—ԱՊ