«Խաղաղության դարաշրջանը» և «ջայլամի էֆեկտ»-ը․ Գոռ Գևորգյան

ԵՐԵՎԱՆ, ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 9, 24News

timthumb.png

ԱԺ նախկին պատգամավոր Գոռ Գևորգյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․

«Արցախյան վերջին պատերազմի թողած վերքերն անգամ չեն հասցրել սպիանալ, դասերը մնացել են անավարտ, հետևանքները չհաղթահարված, իսկ մեզանում շատերը՝ դիրքավորվում են օտար մի երկրում միջմարզային գնացքից ուշացած և տեղի կայարանի տոնածառի լույսերով հիացածի կեցվածքով...

Ամենևին չցանկանալով անդրադառնալ առնվազն տարակուսանք առաջացնող ներքաղաքական իրողություններին՝ հարցադրման սլաքները կցանկանայի ուղղել դեպի արտաքին քաղաքական մարտահրավերները: Դժվար է կռահել թե որքանո՞վ է մեզանում ընկալվում հետպատերազմական ահագնացող վտանգները, Արցախի ու Հայաստանի գոյաբանական սպառնալիքները, քանի որ տպավորություն է ստեղծվում, որ հայկական պետականության առջև ծառացած օրհասական խնդիրները արտաքին աշխարհը իր շահերի համատեքստում ավելի լավ է ընկալում, քան մեզանից շատերը, այլ կերպ ասած, այդ հատվածը տառապում է «ջայլամի էֆեկտ»-ի ախտորոշմամբ:

Հայկական իշխանությունների «քաղաքական երգեհոնիկը» պետք է դադարի պատրանքների երաժշտություն արտաբերել և հստակ ձևակերպի օրվա հրամայական սպառնալիքները, դրանց դիմագրավելու ճանապարհներն ու գործիքակազմը: Արդեն երեկ պետք է լիներ կոնսոլիդացված հայկական հանրությունը, եթե իրականում ամբողջապես ընկալեր վաղվա վտանգը:

Նշվածի այժմեականությունը ամբողջությամբ համադրելի է պաթոսախեղդ եղած և հայկական իրականությունից հեռու գտնվող «խաղաղության դարաշրջանի» ձախողման գործընթացի հետ: Հանուն ճշմարտության, կարելի է արձանագրել, որ վերջին 43 տարիների առարկայական «խաղաղության դարաշրջան»-ի օրինակներ են 1978 թ. Եգիպտոսի և Իսրայելի միջև ստորագրված Քեմփդևիդյան համաձայնագրերը և 1979 թ. եգիպտա-իսրայելական հաշտության պայմանագիրը: Խաղաղությունն այնպես, ինչպես վերը նշված երկու երկրների դեպքում, մեր պարագայում ևս կլիներ լավագույն ձեռքբերումը տևական ռազմական հակամարտությունից հետո «խորը շունչ քաշելու համար», բայց ունենք այն, ինչ ունենք: Ցավոք չունենք 1973թ. արաբ-իսրայելական պատերազմին հաջորդած եգիպտա-իսրայելական ռազմաքաղաքական իրողությունների «status quo»-ն, ունենք սողացող ադրբեջանա-թուրքական ծավալապաշտություն և դրան հակազդող, խոստացված, բայց խոտանված «Պֆալցյան կամ Մոսկովյան» ծրագրերի նման մի բան:

«Խաղաղությունը» գրքային ճշմարտությամբ, ունի իր տրամաբանությունը, փիլիսոփայությունը և, ամենակարևորը՝ կոնկրետ իրողությունների հետ համադրելի կամ ոչ համադրելի լինելու գործոնը:

2020 թ. 44-օրյա ծանր պատերազմի արդյունքները և դրանց հետևանքները ոչ միայն արմատապես փոխեցին Ադրբեջանի և Հայաստանի միջև ուժերի հարաբերակցությունը, այլև ռազմաքաղաքական նոր իրողություններ ստեղծեցին մեր տարածաշրջանում: Ադրբեջանա-թուրքական սերտաճած համագործակցությունը և թուրքական ներկայության նորովի ակտիվացումը Հարավային Կովկասում, ուկրաինական պատերազմը, Իսրայել-Իրան դիմակայությունը և նաև դրանով պայմանավորված Թեհրանի շուրջ զարգացումները, Արցախի կարգավիճակի հարցը և Հայաստանի անվտանգային հիմնախնդիրները մաս են կազմում տարածաշրջանի արդի աշխարհաքաղաքական խճանկարին: Ակներև է, որ գործընթացները մեր տարածարջանում էլ ավելի են արագացել: Ենթադրաբար, դա տարածաշրջանում տարբեր ուժային կենտրոնների քանակական և որակական նորորակ ներկայության գերակտիվության դրսևորման արդյունքն է, որը լինելու է շարունակական:

Նշվածի ցցուն օրինակներից է սույն թվականի դեկտեմբերի 5-ին Իրանի սահմանների հարևանությամբ մեկնարկած «Եղբայրական բռունցք» ադրբեջանա-թուրքական լայնածավալ զորավարժությունները, որոնց ուղերձի առաջին հասցեատերը բնականաբար Իրանն է, սակայն մենք ևս առերեսվում ենք այն չափազանց վտանգավոր և հավանական զարգացումներին, որոնք կարող են վերաճել նոր՝ ավերիչ պատերազմի:

Ձեռնպահ մնալով ապոկալիպտիկ վարկածներից, և ապավինելով բացառապես պատմաքաղաքագիտական ուսումնասիրությունների փորձին, չի կարելի բացառել, որ Իրանի մասնակցությամբ հավանական ռազմական գործողությունները կարող են ներքաշել Հայաստանը մշտատև ճգնաժամի մեջ և հանգեցնել երկրի «սոմալիականացմանը»: Նման ողբերգական իրողությունների արդեն իսկ բախվել են Սոմալին, Սիրիան, Եմենը, այն կարող է սպառնալ նաև Ուկրաինային և այլն:

Ըստ էության՝ «Եղբայրական բռունցք» զորավարժություններով ադրբեջանա-թուրքական կողմը շոշափում է նաև թե՜ իրանական և թե՜ հայկական ռազմաքաղաքական ղեկավարության զգոնությունը՝ հասկանալու համար նաև միջազգային հանրության արձագանքը:

Օրերս, Լաչինի միջանցքի շուրջ տեղի ունեցող զարգացումները փաստում են Ադրբեջանի շտապողականության մասին՝ Հայաստանի և Արցախի մասով իր իսկ հնչեցրած սպառնալիքները իրականություն դարձնելու հարցում: Վերը նշվածի տրամաբանական շղթայի մաս է «Եղբայրական բռունցք» զորավարժությունները, նաև այն, որ հենց այս փուլում նորից ակտիվացել է պայմանական ասած «Զանգեզուրի միջանցքի» հարցը, և, կարծում եմ պատահական չէ, որ նշված զորավարժությունների համատեքստում Թուրքիայի պաշտպանության նախարար Հուլուսի Աքարը վերահաստատեց Ադրբեջանի և Հայաստանի միջև «խաղաղություն հաստատելու» թուրքական աջակցության հանձնառությունն ու պատրաստակամությունը:

Իրավիճակը իրապես բարդ է, սպառնալիքները ահագնացող, իսկ ժամանակը, գրեթե ինչպես միշտ, աշխատում է ի վնաս մեզ: Նման իրավիճակում անչափ կարևոր է, ոչ միայն իշխանությունների, հասարակական գործիչների կողմից ժողովրդին եկող ազդակները, այլև կոնկրետ մեր դեպքում՝ 44-օրյա պատերազմից հետո, թե ինչպես է հանրության ստվար հատվածը ընկալում և գնահատում անվտանգային հարցերը, պատերազմական սպառնալիքները և արտաքին մարտահրավերները:

Վարքագծային տնտեսագիտության մեջ հաճախ օգտագործվում «Ջայլամի էֆեկտ» հասկացությունը, որը ենթադրում է կոգնիտիվ խանգարում, և այն կիրառելի է նաև հասարակական և քաղաքական տարբեր իրավիճակները նկարագրելիս:

«Ջայլամի էֆեկտ»-ով տառապող հասարակությունները կամ դրանց մի մասն, ունեն իրենց բնորոշող հոգեվիճակը, որի հիմքում ընկած են ակնհայտ վտանգներն արհամարելը և ձևացնելը, կարծեք թե այդ վտանգները գոյություն չունեն: Պետության սահմանին իրենց դեմ ուղված հրանոթները անգամ, չեն կարող շեղել նրանց՝ մեծ խանդավառությամբ տարբեր փառատոներին և կոլեկտիվ տոնախմբություններին մասնակցելու տենչանքից և վայելքներից: Արտահայտության պատկերավոր այս իմաստն զուգակացվում է վտանգին առերեսվելու փոխարեն գլուխը կտուցով ավազը խրելու ջայլամի սովորության հետ: Ֆենոմենի անվանումը տեղի է ունեցել տարածված առասպելից, որ ջայլամները իրենց գլուխը թաքցնում են ավազի մեջ, զգալով վերահաս վտանգը և սպառնալիքը:

Պատմության հաղթական էջեր կերտած և ի տարբերություն հազարավոր այլ ժողովրդների՝ պետականություն ունեցող հայ ժողովրդի հավաքական կերպարը չպետք է որևէ առնչություն ունենա «Ջայլամի էֆեկտ»-ի հոգեվիճակով պարփակված հանրության հետ, դա անթույլատրելի է և դատապարտելի է հենց գալիք պատմության կողմից:

Մաս կազմելով խաղաղասեր ժողովրդների միջազգային ընտանիքին, մենք պետք է նաև աշխարհին ցույց տանք, որ պատրաստ և զորավիգ ենք պաշտպանելու սեփական անվտանգությունը, ինչպես դա արել ու անում են տարածաշրջանի այլ պետություններ և ժողովուրդներ (օրինակները հաշվելի են): Այս հանգամանքի հետ ստիպված կլինեն հաշվի նստել նաև ադրբեջանա-թուրքական կողմը և հավանական զարգացումների վրա հեռվից խաղադրույք կատարող տարբեր խոշոր ուժային կենտրոններ:

Ամփոփելով վերոգրյալը կարող ենք արձանագրել հետևյալը.

1. Հայաստանը և Արցախը այլևս աշխարհաքաղաքական մեծ շահերի բախման վտանգավոր կիզակետում են և տարածաշրջանում վրա հասնող ռազմական բախման աղետալի փոթորիկի վտանգը թերևս պահպանվում է, իսկ հանրության մի մասը շարունակում է տառապել «Ջայլամի էֆեկտ»-ով:
 

5

2. Հայաստանը պետք է հստակ ձևակերպի իր նպատակը և վերջնարդյունքը:

3. «Խաղաղության դարաշրջան» բանաձևը ըստ էության այլևս ժամանակավրեպ է և չի սպասարկում Հայաստանի ու Արցախի շահերը, ավելին նրա կարճատես հռետորաբանությունը մսխեց հետպատերազմական վերականգնման համար մեզ համար անչափ թանկ ժամանակը: Սակայն հայկական օրակարգում պետք է մնան ոչ միայն Թուրքիայի և Ադրբեջանի հետ ուղիղ երկխոսելու պատրաստակամությունը, այլև Հայաստանը պետք է անցնի «պասիվ պաշտպանությունից» «ակտիվ հաշվարկի»՝ հնարավորինս խույս տալով ռազմական առճակատումից:

4. Հայաստանի ներկան և ապագան չպետք է ունենա կողմնորոշում՝ արդյունավետ արտաքին քաղաքականության գրավականը միայն դիրքորոշումն է՝ խարսխված պայմանական Արևելյան և Արևմտյան հավասարակշռված քաղաքականության վրա:

5. Առողջ քաղաքական դաշտ և պետություն ունենալու համար, գործող իշխանությանը այլընտրանք կարող է լինել որակապես նոր ընդդիմությունը՝ քաղաքական հստակ օրակարգով, մարտահրավերների հաղթահարման հստակ ճանապարհային քարտեզով ու գործիքակազմով, արհեստավարժ թիմով:

6. Բաքվում գերության մեջ գտնվող մեր հայրենակիցներին հետ վերադարձնելու պահանջը պետք է լինի մեր մասնակցությամբ միջազգային ցանկացած հանդիպման թիվ մեկ հարցը: Այդ հանգամանքը, բացի մարդասիրական բովանդակությունից, նաև Հայաստանի խարխլված համբավի հարցն է, պետության հոգատարության ցուցիչը:

7. Հանրային համախմբումը բարոյահոգեբանական թմբիրից արթնանալու միակ գրավականն է և մեր ուժեղ ապագայի հենասյուներից մեկը:

Հ.գ. վերստին ամրագրում եմ պատմության պարզ բանաձը՝ խաղաղությունը նվաճվում է միայն պայքարով, հակառակ դեպքում դա անձնատուր լինելն է, որից հետ դարձը կարող և երբևէ չլինել»:

--00--ԶՀ