Բաքուն ցանկանում է հեղինակազրկել Լեռնային Ղարաբաղում ՌԴ խաղաղապահների առաքելությունը. Զատուլին

ԵՐԵՎԱՆ, ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 15, 24News

zatulin-744x445

Բաքուն ցանկանում է հեղինակազրկել Լեռնային Ղարաբաղում ՌԴ խաղաղապահների առաքելությունը։ Այս մասին տելեգրամյան իր ալիքում գրել է ՌԴ Պետդումայի պատգամավոր Կոնստանտին Զատուլինը։

«Շատ վտանգավոր կերպով սրվել է իրավիճակը Լեռնային Ղարաբաղում։ Արդեն մի քանի օր է Ադրբեջանը ապօրինի փակել է Լաչինի միջանցքը՝ Լեռնային Ղարաբաղի հայ բնակչությանը Հայաստանի Հանրապետության հետ կապող միակ ճանապարհը»,-գրել է նա։

Զատուլինը նշել է, որ Ադրբեջանի կողմից վերահսկվող տարածքում շրջակա միջավայրի մասին իբր մտահոգված ադրբեջանական կողմը կոպտորեն խախտում է Ռուսաստանի, Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարների կողմից ստորագրված 2020 թվականի նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարությամբ ամրագրված պայմանավորվածությունները․ «Բաքուն շտապում է իրականացնել իր նպատակները։ Ադրբեջանական նոր սադրանքը հայերին հայրենի հողից դուրս մղելու ռազմավարության մի մասն է, որը կարող է հումանիտար աղետ առաջացնել Լեռնային Ղարաբաղում։ Խնդիր է առաջացել սննդամթերքի և դեղորայքի մատակարարման հետ կապված, ինչպես նաև հանրային ծառայությունների բնականոն գործունեությունը»,-ընդգծել է ռուս պատգամավորը։

Նա նաև անդրադարձել է Արցախում գազամատակարարման դադարեցմանը՝ նշելով, որ դա ոչ մի կերպ չի կարելի վերագրել, այսպես կոչված, բնապահպանների նախաձեռնությանը․ «Դպրոցներում դադարեցվել է աշխատանքը, ձմռանը ջեռուցումից անջատման սպառնալիքի տակ են մնացած բոլոր սոցիալական օբյեկտները»։

Ռուս պաշտոնյան համոզմունք է հայտնել, որ Բաքվի գործողություններն ուղղված են նաև տարածաշրջանում ռուս խաղաղապահների առաքելության վարկաբեկմանը․ «Բաքվում, ըստ երևույթին, կարծում են, որ Ուկրաինայում Ռուսաստանի առճակատումն Արևմուտքի հետ բարենպաստ պահ է Անդրկովկասում ՌԴ-ի ազդեցությունը թուլացնելու համար։ Մի քիչ շուտ չե՞ն Ադրբեջանում մտածել, որ կարող են բռնել Աստծու մորուքից»։

«Իմ և միջազգային «Լազարևյան ակումբի» խորհրդի անունից պահանջում եմ դադարեցնել Լեռնային Ղարաբաղի շրջափակումը։ Հուսով եմ, որ ՌԴ ղեկավարները, դիվանագետներն ու զինվորականները համոզիչ փաստարկներ կգտնեն իրավիճակը կարգավորելու համար։ Հետաձգման հետագա և հնարավոր հետևանքների պատասխանատվությունն ամբողջությամբ կրում է ադրբեջանական կողմը»,-եզրափակել է քաղաքական գործիչը։

--00—ՅՄ