Կսահմանվեն ձերբակալվածներին պահելու վայրերի շինության և կահավորման առանձնահատկությունները

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆՎԱՐԻ 11, 24News

Screenshot 2023-01-11 195613

Նոր Քրեական եւ Քրեական դատավարության օրենսգրքերի ուժի մեջ մտնելու կապակցությամբ փոփոխություն է կատարվել Կառավարության որոշմամբ հաստատված ՀՀ ոստիկանության համակարգում գործող ձերբակալվածներին պահելու վայրերի ներքին կանոնակարգում: Այս մասին տեղեկանում ենք ՀՀ ԱԺ պաշտոնական կայքից։

Պայմանավորված այն հանգամանքով, որ «Ձերբակալվածներին պահելու վայրերի շինության եւ կահավորման առանձնահատկությունները» դուրս են ներքին կանոնակարգի կարգավորման առարկայից, շինությանը վերաբերող դրույթները չեն ներառվել ՀՀ կառավարության որոշման մեջ:  Այս մասին նշել է ՀՀ փոխոստիկանապետ Արթուր Մարտիրոսյանը ՀՀ ԱԺ պաշտպանության եւ անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի` հունվարի 11-ի նիստում` ներկայացնելով ««Ձերբակալված եւ կալանավորված անձանց պահելու մասին» օրենքում լրացում կատարելու մասին» օրենքի նախագիծը:

Փոխոստիկանապետի խոսքով անհրաժեշտ է առանձին իրավական ակտով սահմանել ձերբակալվածներին պահելու վայրերի շինությանն առնչվող առանձնահատկությունները` ՄԱԿ-ի խոշտանգումների կանխարգելման կոմիտեի կողմից առաջարկվող միջազգային չափանիշներին համապատասխանեցնելու համար: Ուստի, անհրաժեշտություն է առաջացել «Ձերբակալված եւ կալանավորված անձանց պահելու մասին» օրենքում նախատեսել լիազորող նորմ, որով նախատեսվում է Հայաստանի Հանրապետության կառավարության որոշմամբ սահմանել ՁՊՎ-ի շինության եւ կահավորման առանձնահատկությունները:

ՁՊՎ-ի շինության առանձնահատկությունների վերաբերյալ առանձին իրավական ակտի բացակայության պարագայում անհնար է դառնում իրավասու վերադաս մարմինների կողմից ՁՊՎ-ների կառուցման եւ հիմնական վերանորոգման ընթացքում հսկողություն սահմանել շինարարական այնպիսի առանձնահատկությունների վրա, որոնց բացակայության դեպքում խախտվում են պահվող անձանց իրավունքները:

Հարակից զեկույցով ՀՀ ԱԺ պաշտպանության եւ անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի տեղակալ Արմեն Խաչատրյանը, անդրադառնալով նախագծի կարեւորությանը, հորդորել է գործընկերներին դրական եզրակացություն տալ նախագծին:

Օրինագիծը ստացել է հանձնաժողովի դրական եզրակացությունը:

--00—ՅՄ