Հնդկաստանը շահագրգիռ է խորացնելու հարաբերությունները ՀՀ-ի հետ․ ԱԺ խոսնակն ընդունել է դեսպան Դեվալիին

ԵՐԵՎԱՆ, ՓԵՏՐՎԱՐԻ 9, 24News

նկար

Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանն ընդունել է ՀՀ-ում Հնդկաստանի արտակարգ եւ լիազոր դեսպան Կիշան Դան Դեվալին: Ողջունելով հյուրին՝ Ալեն Սիմոնյանը նշել է, որ թեեւ ավարտին է մոտենում դեսպանի դիվանագիտական առաքելությունը Հայաստանի Հանրապետությունում, նրա հետեւողական աշխատանքի արդյունքը շարունակական բնույթ է կրում, հայտնում է ԱԺ լրատվական ծառայությունը։

«Հայաստանի Հանրապետությունը կարեւորում եւ բարձր է գնահատում բարեկամական հարաբերությունները Հնդկաստանի հետ եւ խորապես շահագրգռված է խորացնելու հարաբերությունները բոլոր ոլորտներում»,- նշել է ՀՀ ԱԺ նախագահը:

Դեսպանը շնորհակալություն է հայտնել համատեղ ստացված փոխգործակցության համար՝ նշելով, որ Հայաստանից ու հայ ժողովրդից իր երկիր ու իր ժողովրդին բարեկամություն, ջերմ հուշեր եւ հարուստ պատմություն է տանում:

Հանդիպման ավարտին ՀՀ ԱԺ նախագահն ընդգծել է, որ Հնդկաստանը՝ որպես միջազգային հանրության ազդեցիկ անդամ, կարեւոր դերակատարություն ունի գլոբալ եւ տարածաշրջանային հարցերում: Նա համոզմունք է հայտնել, որ այս համատեքստում միջխորհրդարանական ձեւաչափով համատեղ անելիքները շատ են:

--00—ԼՄ