Ալեն Սիմոնյանն ու Հնդկաստանի դեսպանը քննարկել են տարածաշրջանին, ՀՀ-ին եւ Լաչինին առնչվող հարցեր

ԵՐԵՎԱՆ, ԱՊՐԻԼԻ 25, 24News

Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանն ապրիլի 25-ին ընդունել է ՀՀ-ում Հնդկաստանի արտակարգ եւ լիազոր դեսպան Նիլակշի Սահա Սինհային: ՀՀ ԱԺ նախագահը շնորհավորել է դեսպանին Հայաստանի Հանրապետությունում դիվանագիտական առաքելություն ստանձնելու կապակցությամբ` պատասխանատու պաշտոնում մաղթելով ձեռքբերումներ:

Կողմերը փաստել են, որ հայ-հնդկական հարաբերություններն առավել քան երբեւէ գտնվում են բարձր մակարդակի վրա եւ շահագրգռված են խորացնելու փոխգործակցությունը բոլոր ոլորտներում:

ՀՀ ԱԺ նախագահը դեսպանին խնդրել է ողջույններ փոխանցել Հնդկաստանի Լոկ Սաբհայի հարգարժան խոսնակ Օմ Բիրլային, որի հետ մեկ ամիս առաջ Միջխորհրդարանական միության վեհաժողովի շրջանակում բովանդակալից զրույց են ունեցել: Ալեն Սիմոնյանը հիշեցրել է նաեւ ՀՀ ԱԺ Հայաստան-Հնդկաստան բարեկամական խմբի արդյունավետ գործունեությունը` հույս հայտնելով, որ Հնդկաստանի խորհրդարանում եւս խորհրդարանական բարեկամական խումբ կձեւավորվի:

Արձանագրվել է միջազգային հարթակներում Հայաստանի եւ Հնդկաստանի միջեւ դրական համագործակցությունը, ուշադրություն է հրավիրվել միջազգային կազմակերպություններում կենսական հարցերի շուրջ ներկայացվող փոխվստահությանը:

Քննարկվել են տարածաշրջանին, Հայաստանին եւ Լաչինի միջանցքի ճգնաժամին առնչվող հարցեր:

Շնորհակալություն հայտնելով ընդունելության համար` Հնդկաստանի դեսպանը պատրաստակամություն է հայտնել իր առաքելության շրջանակում մշտապես կապ պահել Ազգային ժողովի հետ եւ նպաստել խորհրդարանական դիվանագիտության զարգացմանը:

--00—ԶՀ