Թուրքիայի հետ սահմանի բացումը ՀՀ տնտեսության համար վտանգ չէ, այլ՝ հնարավորություն․ Քերոբյան․ Sputnik

ԵՐԵՎԱՆ, ՄԱՐՏԻ 20, 24News

քերոբյան

Թուրքիայի հետ ցամաքային սահմանի բացումը Հայաստանի տնտեսության համար ոչ թե վտանգ է, այլ հնարավորություն։ Sputnik Արմենիային տված հարցազրույցում այս մասին ասել է ՀՀ էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը` մեկնաբանելով սահմանի բացման հնարավոր հետևանքները ՀՀ տնտեսության վրա։

«Թուրքիայի հետ սահմանը ներմուծման առումով վաղուց արդեն բաց է։ Թուրքական արտադրողները Հայաստանում իրենց ապրանքը իրացնելու որևէ խնդիր չունեն, և դա անում են վաղուց։ Այլ բան է, որ հայկական ընկերությունները թուրքական շուկայի հասանելիություն դեռևս չունեն, և մենք վստահ ենք, որ սահմանի բացումը ավելի շատ հնարավորություն է, քան վտանգ»,– ասել է Քերոբյանը։

Բայց այդ հնարավորությունից օգտվելու համար, նրա դիտարկմամբ, հայկական ընկերությունները պետք է կարողանան հասցնել բարձրացնել իրենց արտադրողականությունն ու արդյունավետությունը։«Լինել անգրագետ, կներեք, կոպիտ արտահայտությանս համար, լինել ցածր արտադրողականությամբ և հուսալ, որ կառավարությունը պետք է արհեստական պատնեշներով պաշտպանի իրենց, չի կարելի։ Դա անբնական է, և, եթե այդպես ենք անում, ապա վնասում ենք սպառողների շահերը»,– ասել է Քերոբյանը` արձագանքելով թուրքական ապրանքների, հատկապես գյուղմթերքի ցածր ինքնարժեքի մասին մեր դիտարկմանը։

Էկոնոմիկայի նախարարը նաև շեշտել է, որ կառավարությունը հայաստանյան գյուղատնտեսական ընկերություններից թուրքական էժան գյուղմթերքի ներկրման վերաբերյալ ոչ մի մտահոգություն չի ստացել։

Հարցին, թե Հայաստանն ինչ կարող է արտահանել Թուրքիա, Քերոբյանը պատասխանել է, որ Թուրքիայում պահանջարկ վայելող ոլորտները շատ են` սնունդ, տեքստիլ, ոսկերչություն, ադամանդագործություն ու նաև բարձր տեխնոլոգիաներ։

Մանրամասները՝ սկզբնաղբուր կայքում։

--00—ՍՊ