Երևանում շինաշխատանքների առնչությամբ կազմվել է 32 արձանագրություն․ ակտերի թիվն ավելացել է 3 անգամ

ԵՐԵՎԱՆ, ԱՊՐԻԼԻ 17, 24News

երևանի քաղաքապետարան

Նախորդ շաբաթվա ընթացքում մայրաքաղաքում շինարարական աշխատանքների նկատմամբ իրականացված վերահսկողության արդյունքում կազմվել է 32 արձանագրություն: Տեղեկանում ենք Երևանի քաղաքապետարանի մամուլի ծառայությունից։

«Աշխատանքային հերթական խորհրդակցության ժամանակ զեկուցվել է, որ ակտերի թիվն ավելացել է երեք անգամ: Դրանք մասնավորապես, ապօրինի շինությունների կառուցման և հողազավթման, շինհրապարակների համար սահմանված պայմանների չպահպանման և սանիտարական կանոնների խախտման դեպքեր են: Կարևորելով ոլորտում համակարգային փոփոխությունների իրականացումը՝ փոխքաղաքապետ Տիգրան Ավինյանն ընդգծել է, որ համայնքն այսուհետ շատ ավելի խիստ է մոտենալու շինարարական ստանդարտներին»,- ասված է հաղորդագրության մեջ։

«Երևանում մենք ունենք օդի աղտոտվածության խնդիր, առաջինը շահագործվող հանքերն են, որոնք, վստահ եմ, չունեն փոշու որսիչ կայաններ, երկրորդը շինարարությունն է, որը շատ մեծ ծավալների է հասնում, միայն նախորդ տարի 4000-ից ավել շինթույլտվություններ են տրվել, և երրորդը տրանսպորտն է: Մենք պարտավոր ենք գտնել ճիշտ բանաձև և խնդիրը լուծել այնպես, որ փոշու հետ կապված իրավիճակը Երևանում լինի կառավարելի»,- ընդգծել է Տիգրան Ավինյանը:

Երևանի մետրոպոլիտենի «Սասունցի Դավիթ» կայարանից դեպի «Զորավար Անդրանիկ» մեկնող կայարանի ուղեհատվածում «Երևանի ալրաղաց» ԲԲԸ-ի բունկերի պատի փլուզման հետևանքով տեղի ունեցած միջադեպի պատասխանատու կառուցապատողը ենթարկվել է վարչական պատասխանատվության: Վերջինի նկատմամբ նշանակվել է 1.5-2 մլն դրամի տուգանք:

Մայրաքաղաքում ամբողջությամբ կլուծվի Արզումանյան փողոցի չորրորդ կարգի վթարայնության 10 և 17 շենքերի բնակիչների խնդիրը: Համայնք - կառուցապատող-բնակիչ գործակցության շրջանակում որոշում է կայացվել տեղում կառուցել նոր շենքեր, բնակիչները կապահովվեն նոր բնակարաններով:

«Երևանում այսօր չորրորդ կարգի վթարայնության 13 շենք կա, և մենք փուլ առ փուլ պետք է ամբողջությամբ լուծենք այդ խնդիրը: Գործընթացը մի շարք հասցեներում արդեն սկսված է, տարբեր տեղերում տարբեր խնդիրներ ունենք և մենք պետք է յուրաքանչյուրի առնչությամբ ուղեգծենք հստակ ճանապարհներ ու մոտեցումներ»,- շեշտել է փոխքաղաքապետ Ավինյանը:

Այս շաբաթվա ընթացքում թիվ 38 երթուղու փոքր դասի ավտոբուսները կփոխարինվեն միջին դասի «Հայգեր» մակնիշի ավտոբուսներով: Փոքր դասի ավտոբուսներով էլ շահագործման կհանձնվեն Նորք Նորք ու Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջաններն իրար կապող 40 և Շենգավիթ ու Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջաններն իրար կապող 67 համարի երթուղիները:

Որպես պարեկային ոստիկանության ռեֆորմների շարունակություն՝ Երևանում կստեղծվի մունիցիպալ ոստիկանություն: Հանձնարարվել է քայլեր ձեռնարկել՝ հայեցակարգի մշակման ու համակարգի ստեղծման ուղղությամբ:

Մինչև այս շաբաթվա վերջ համայնքի ձեռք բերած նոր տրոլեյբուսների առաջին խմբաքանակը կլինի Երևանում: Հաջորդ փուլով նախատեսվում է տրոլեյբուսային հավաքակայանը համալրեր ևս 15 շարժակազմով:

Երևանում հասարակական տրանսպորտի նոր խելացի կանգառասրահների տեղադրման համար կմշակվի հայեցակարգ: Աշխատանքներն ընթացքի մեջ են, դիզայներները էսքիզային տարբերակներ են մշակում:

Ավարտին է մոտենում Երևանյան լճի ափամերձ տարածքի բարեկարգման ծրագիրը: Բնակիչների լիարժեք հանգստի համար կապահովվեն հարմարավետ պայմաններ:

Ալբերտ Ազարյանի անվան մարմնամարզության օլիմպիական հերթափոխի մանկապատանեկան մարզադպրոցի համար «Հրազդան» մարզադաշտին կից՝ ավելի քան 15500քմ տարածքում նոր շենք կկառուցվի։ Այն ունենալու է մեծ դահլիճներ, ստորգետնյա ավտոկայանատեղի, գեղարվեստական մարմնամարզության և սպորտային ակրոբատիկայի համար նախատեսված դահլիճներ, սանհանգույցներ, հանդերձարաններ։ Մարզական օջախը համապատասխանելու է բոլոր չափորոշիչներին` և՛ մարզումների, և՛ միջազգային մրցույթների կազմակերպման համար:

--00—ՍՊ