Կարո Փայլանը պատմել է Թուրքիայի Մեջլիսում իրեն Լինչի դատաստանի ենթարկելու փորձերի մասին

1

Թուրքիայի խորհրդարանի (Մեջլիս) հայ պատգամավոր Կարո Փայլանը թուրքական «Artı gerçek» ընդդիմադիր լրատվակայքին տված հարցազրույցում ամփոփել է 8 տարվա պատգամավորական գործունեությունը, գրում է ermenihaber.am-ը։

Քրդամետ «Ժողովուրդների դեմոկրատական» կուսակցության անդամ Փայլանը անդրադարձել է նաև քաղաքական գործունեությամբ պայմանավորված իր նկատմամբ իրականացված թիրախավորման արշավներին ու լինչի դատաստան տեսնելու փորձերին:

Ըստ Փայլանի՝ նա հատկապես ազդվել է Մեջլիսում 2016-ին ծագած վեճից, երբ իշխող «Արդարություն և զարգացում» կուսակցության (AKP-ԱԶԿ) 8-10 պատգամավոր «Հայն այստեղ է, Գարոն այստեղ է» բացականչելով՝ հարձակվել ու բազմաթիվ հարվածներ էին հասցրել նրան: Դա իր համար ծանր է եղել ոչ այնքան հարվածներն ու դրանց հետևանքով ստացած ուղեղի ցնցումը, այլ ատելության խոսքը, որը կիրառվել է իր հարձակման ժամանակ:

Փայլանը հիշեցրել է նաև 2022-ին Հայոց ցեղասպանությունը ճանաչելու մասին Թուրքիայի խորհրդարան (Մեջլիս) օրինագիծ ներկայացնելու պատճառով իր նկատմամբ սկսված արշավը, որը սկսվեց ազգայնական «Լավ» կուսակցության ղեկավար Մերալ Աքշեների կոշտ հայտարարությունից հետո: Ավելի քան 2 շաբաթ քաղաքական դաշտի մի շարք գործիչներ իրենց հայտարարություններով թիրախավորեցին հայ պատգամավորին: Դրան միացան մի շարք լրատվամիջոցներ, որոնցում հրապարակված հոդվածներում Փայլանը ստացավ բազմապիսի վիրավորական պիտակավորումներ՝ մեղադրվելով մինչև անգամ դավաճանության մեջ:

Հիշեցնենք, որ հայ պատգամավորը, իր անդամակցած ԺԴԿ-ի կանոնադրության համաձայն չի կարող 3-րդ անգամ անընդմեջ ընտրվել Մեջլիսի պատգամավորի, ինչ պատճառով չի մասնակցելու մայիսի 14-ին Թուրքիայում տեղի ունենալիք խորհրդարանական ընտրություններին:

--00--ԼՄ