Ադրբեջանի հոգևոր առաջնորդն արձագանքել է Վեհափառի՝ Արցախի մասին հայտարարությանը

ԵՐԵՎԱՆ, ԱՊՐԻԼԻ 21, 24News

MyCollages

Հայոց Կաթողիկոսն արել է «հոգևորականի համար անընդունելի» հայտարարություններ: Այս մասին հայտարարել է Կովկասի մուսուլմանների գրասենյակի նախագահ Ալլահշուքյուր Փաշազադեն, արձագանքելով Ամենայն Հայոց Կաթողիկոս Գարեգին Բ-ի երեկվա հայտարարությանն առ այն,  որ Արցախը չի կարող պատկերացնել Ադրբեջանի կազմում, հայտնում են ադրբեջանական լրատվամիջոցները:

«Ես չեմ կարող պատկերացնել, որ Արցախը կարող է լինել Ադրբեջանի կազմում: Դա կնշանակի հայ ժողովրդի նկատմամբ մի նոր ցեղասպանություն, դա կնշանակի հայաթափում Արցախի  մեր ժողովրդի: Մենք ամեն ջանք պետք է ներդնենք, որ կարողանանք միջազգային նորմերի և օրենքների շրջագծում ապահովել Արցախի մեր ժողովրդի ազատ, անկախ ապրելու իրավունքը», -ասել էր Վեհափառը:

Ադրբեջանի հոգևոր առաջնորդը նշել է, որ կրոնական անձինք պետք է ոչ թե պատերազմի, այլ խաղաղության կոչ անեն. «Կրոնական առաջնորդների միջամտությունը քաղաքականությանը սխալ է: Մենք հայ եկեղեցուն բարեկամության կոչ ենք անում», -ասել է Փաշազադեն։

--00—ՅՄ