Արցախի ՊԲ-ն պետք է թույլ չտար, որ Բաքուն Լաչինում անցակետ դներ, Արցախից դիմադրություն պետք է լինի

ԵՐԵՎԱՆ, ԱՊՐԻԼԻ 26, 24News

Լաչինի միջանցքում Հակարիի կամրջին ադրբեջանցիների կողմից տեղադրվող անցակետը պետք է հեռացնել, անցակետ տեղադրելը Ալիևի կողմից քաղաքական սխալ էր, որովհետև արտաքին խաղացողների կողմից նման իրավունք, համաձայնություն տրված չէ: 24TV-ի հաղորդման ժամանակ նման կարծիք հայտնեց «Ոսկանապատ» վերլուծական կենտրոնի ղեկավար, քաղաքագետ Հրանտ Մելիք-Շահնազարյանը:

Քաղաքագետի խոսքով, նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության համաձայն՝ Լաչինի միջանցքը ռուսական պատասխանատվության գոտի է, ՌԴ-ն ԱԳ և ՊՆ մակարդակով պնդում է, որ Ադրբեջանը նման գործողություններ անելով՝ տարածաշրջանում վտանգում է իրավիճակը և նոր խնդիրներ է ստեղծում: Ֆրասիան ու ԱՄՆ-ն ևս այդ քայլն անընդունելի են համարում:

Ըստ նրա՝ ապրիլի 23-ի գործողություններից հետո Ադրբեջանի նախագահը պատերազմից հետո առաջին անգամ դարձավ իրական քննադատությունների թիրախ, երբ Լաչինի միջանցքում բնապահպաններ էին տեղակայվել, միջազգային հանրությունը մտածում էր, որ քաղաքացիական անձիք են, բայց այս պարագայում սահմանապահ զորքեր են կանգնած, դրոշ է տեղադրվում, Ալիևին զեկույցներ են տալիս:

«Ադրբեջանի ԱԳՆ-ն խոստովանում է, որ իրենք են դա արել, այսինքն՝ պետականորեն գնացել են ձևավորված կոնսենսուսին դեմ, ընդ որում՝ մտել են ՌԴ պատասխանատվության գոտի: Ալիևը, նման քայլ անելով, հայկական կողմին հնարավորություն է տալիս պահանջատեր լինել Արցախի հարցում և գործողություններ անել: Այս պահից սկսած՝ 120 հազար հայերի բնաջնջման վտանգ կա և վտանգը չեզոքացնելուն ուղղված ցանկացած քայլ եթե ՀՀ-ն անի, դա ընկալելի կլինի միջազգային հանրության համար և որևէ մեկը պաշտոնական Երևանին չի մեղադրի անցակետը պայթեցնելու կամ չեզոքացնելու պարագայում»,- ավելացրեց քաղաքագետը:

Հրանտ Մելիք-Շահնազարյանը ընդգծեց, որ Ալիևը շտապում է, քանի որ տարածաշրջանը կանգնած է երկու հետաքրքիր զարգացումների առջև՝ Թուրքիայում սպասվող ընտրությունները և դրանց արդյունքները, ինչպես՝ նաև ռուս-ուկրաինական պատերազմը: Սա հասկանալով՝ Ալիևը փորձում է մաքսիմալ ձեռքբերումներ ունենալ Արցախի ու ՀՀ-ի ուղղությամբ, իսկ Փաշինյանը չի խոչընդոտում, հակառակը՝ իր հայտարարություններով խրախոսում է նրանց:

«Արցախի ժողովուրդն իր գործն ունի անելու, իշխանությունն՝ իր: Արցախում վերջին մի քանի ամիսների ընթացքում բլոկադայի պայմաններում հանցավոր անգործության մի քանի դեպքի ականատես եղանք, երբ Շուշիի մայրուղին շրջանցող գրունտային ճանապարհը թողել էին առանց վերահսկողության և ադրբեջանցի մի քանի զինվորականներ նստեցին ստրատեգիական նշանակության բարձրունքին և ճանապարհը փակեցին, մինչդեռ, պետք է տեր կանգնեին այդ ճանապարհին: 

Արցախի ՊԲ-ն պետք է թույլ չտար, որ անցակետ դնեին, Արցախից դիմադրություն չկա, այն, ինչ կատարվում է, բացառապես ղեկավարության անգործության հետևանք է»,-ավելացրեն նա:

Մանրամասները՝ տեսանյութում։

--00—ԱՊ