Արայիկ Հարությունյանը պետական նախարարի կամ կառավարության կազմի փոփոխություն չի նախատեսում

ԵՐԵՎԱՆ, ԱՊՐԻԼԻ 27, 24News

պ

Վերջին օրերին Արցախում տարբեր շրջանակների կողմից շրջանառության մեջ են դրվել լուրեր այն մասին, որ Արցախի Հանրապետության նախագահը առաջիկայում պաշտոնից ազատելու է պետական նախարար Գուրգեն Ներսիսյանին:

Միևնույն ժամանակ Սամվել Բաբայանը պարբերաբար հրապարակային հայտ է ներկայացնում պետական նախարարի պաշտոնի համար: Ոմանք մեկնաբանում են, որ այս ամենը պլամավորված էր ի սկզբանե․  Գուրգեն Ներսիսյանը պետական նախարար էր նշանակվել, որպեսզի նրան ազատեին գլխավոր դատախազի պաշտոնից, իսկ հիմա էլ իրականացվում է վերջին պաշտոնից նրան ազատելու ծրագիրը:

Այս հարցով «Հրապարակ»-ը դիմել է Արցախի նախագահի մամուլի քարտուղար Լուսինե Ավանեսյանին:

«Առանց անդրադառնալու շրջանառվող լուրերի ու տեսակետների մանրամասներին ու պատճառներին` ուզում եմ հիշեցնել, որ Արցախի Հանրապետության պետական նախարարի և կառավարության կազմի նշանակման լիազորությունը Արցախի Հանրապետության Սահմանադրությամբ վերապահված է բացառապես հանրապետության նախագահին։ Նախագահ Արայիկ Հարությունյանը պետական նախարարի կամ կառավարության կազմի փոփոխություն չի նախատեսում:  

Կառավարությունն այս իրավիճակում խիստ ծանրաբեռնված աշխատանք է իրականացնում, որի մեծ մասը տեսանելի չէ և  օբյեկտիվ պատճառներով չի հանրայնացվում»,- պատասխանելով լրատվամիջոցի հարցին, ասել է Ավանեսյանը։

--00—ՍՊ