ՏՄՊՊՀ-ն վրացական կողմի հետ ուսումնասիրում է ավիավառելիքի շուկան

ԵՐԵՎԱՆ, ՄԱՐՏ 20, 24News

տմպպ

ՀՀ Տնտեսական մրցակցության պաշտպանության պետական Հանձնաժողովը ուսումնասիրություն է սկսել ավիավառելիքի շրջանառության ոլորտի շուկայում՝ առկա հնարավոր մրցակցային  խնդիրների բացահայտման նպատակով:

ՏՄՊՊՀ մամուլի ծառայությունից հայտնում են, որ ոլորտի ուսումնասիրությունը կարևորվում է առանձնակի, քանի որ ավիավառելիքի գներն էական ազդեցություն են թողնում ավիատոմսերի գնագոյացման գործում: Ներկայումս քաղաքացիական ավիացիայի համար ավիավառելիքի ներմուծում ՀՀ իրականացվում է միայն Երևանի «Զվարթնոց» միջազգային օդանավակայանի կողմից, այլ ներմուծողներ չկան:

ՏՄՊՊՀ ուսումնասիրությունները ցույց են տալիս, որ ՀՀ ավիավառելիքի շրջանառության ոլորտում մրցակցության բացակայությունը պայմանավորված է Վրաստանում ավիավառելիքի փոխադրման հետ կապված խնդիրներով: Մասնավորապես, Վրաստանի տարածքով ավիավառելիքի փոխադրումն իրականացվում է վրացական երկաթուղու միջոցով,  որը հայեցողական մոտեցմամբ համագործակցում է խիստ սահմանափակ թվով ընկերությունների հետ:

Արդյունքում, բոլոր այն ընկերությունները, որոնք ցանկանում են զբաղվել ավիավառելիքի ներմուծմամբ, հնարավորություն չեն ստանում ՀՀ շուկայի համար իրականացնելու մատակարարումներ, քանի որ բացի Վրացական երկաթուղուց, ըստ էության տնտեսապես արդյունավետ այլընտրանքային փոխադրամիջոց առկա չէ:

Հաշվի առնելով վերոնշյալը՝ հանձնաժողովը դիմել է Վրաստանի մրցակցային մարմնին՝ ավիավառելիքի փոխադրման ոլորտում առկա խնդիրները համատեղ ուսումնասիրելու և դրանց լուծման ուղղությամբ գործուն քայլեր իրականացնելու նպատակով: