Չորս հայի կյանք են խլել. ոչ թե «պոլի շոր» պետք է դառնանք, այլ անհամաչափ հարված հասցնենք. Վարդանով

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆԻՍԻ 28, 24News

Ադրբեջանցիների նպատակը պարզ է, իրենք ուզում են օվկիանոսից օվկիանոս Թուրքիա, իսկ մենք ի՞նչ ենք անում դրա դիմաց, որ թուրքի մուրազը փորը մնա: 2016 թվականից հայտարարվում էր, որ բանակում ռեֆորմներ են արվելու, բայց միայն նոր զենքի տեսակ ձեռք բերելով փոփոխություններ չի լինում, պետք է արմատական փոփոխություններ արվեն, բայց ոչինչ չի արվում, որովհետև Հայաստանում մարդու կյանքի վրա թքած ունեն, մարդու կյանքը արժեք չունի: Այս մասին 24TV-ի հաղորդման ժամանակ ասաց «ՈՄԱ»-ի հիմնադիր նախագահ Վովա Վարդանովը՝ խոսելով Արցախի Մարտունու և Մարտակերտի շրջանում ադրբեջանցիների կողմից ռազմական գործողությունների ու չորս զոհի մասին:

«Չորս հայի կյանք են խլել, ՊԲ-ն պետք է անհամաչափ հարված հասցներ: Մեր մտածելակերպը հաշվի առնելով՝ սասունցիդավիթները քիչ են, ցռանվերգոներն են շատ: Վախկոտ ենք մի քիչ, համոզված չենք նաև, որ բնակչությունը կհամալրի զորքերը: ՊԲ-ն ծանր վիճակում է գտնվում, 15 հազար նորակոչիկները, որոնք ՀՀ-ից մշտապես համալրվում էին, հիմա չկան, բայց մեկ-երկու դիրք ոչնչացնելը մեծ գործ չէ, հայկական կողմը պետք է տանի իրավիճակը էսկալացիայի, ոչ թե «պոլի շոր» դառնանք, ինչ ուզենան՝ մեզ հետ անեն»,- ավելացրեց նա:

Անդրադառնալով 44-օրյա պատերազմի հանգամանքներն ուսումնասիրող քննիչ հանձնաժողովի ժամանակ Նիկոլ Փաշինյանի այն հայտարարությանը, որ հոկտեմբերի 2, 3-ին Մովսես Հայոբյանի կողմից որոշում է կայացվել ԼՂ ՊԲ 7-րդ պաշտպանական բանակը էվակուացնել, այսաինքն՝ զորքերը ամբողջությամբ դուրս բերել (իսկ Մովսես Հակոբյանը հերքում է, որ նման հրաման է տվել) Վարդանովը ընդգծեց, որ Մովսես Հակոբյանը հրաման տալու իրավունք չի ունեցել, բայց կարող էր վերլուծությունների արդյունքում նման կարծիք հայտներ. «Մովսես Հակոբյանը Սուվորովը կամ Բոնապարտը չէ, բայց գրագետ զինվորական է, եթե նման բան է ասել, ուրեմն՝ հիմքեր ունեցել է: Բայց Մովսես Հակոբյանը հրաման տալու իրավունք չուներ, նա «թղթակեր» է, իրեն իրավունք չէր տա հրաման տար, գիտեր, որ հրաման տալու իրավունք չունի»:

Ինչ վերաբերում է 9-րդ պաշտպանական շրջանի հակահարձակման ձախողմանը, որի մասին հանձնաժողովի ժամանակ Նիկոլ Փաշինյանը խոսել է, ապա Վարդանովի կարծիքով, այդ օպերացիայի ժամանակ բացասական դրվագներ եղել են, որոնք լուրջ հարցեր են առաջացնում՝ լոգիստիկ խնդիրներ, հրամկազմի համալրում, հարվածող խմբվորումների աշխատանքը և այլն, որոնք պետք է ուսումնասիրվեն:

Մանրամասները՝ տեսանյութում:

Հերմինե Միքայելյան

 

--00—ԱՊ