Թշնամին պարբերաբար խոչընդոտում է գյուղատնտեսական աշխատանքների կատարմանը. Կիչանի համայնքապետ

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆԻՍԻ 30, 24News

e2db9c90-c3d8-4a76-a321-9784a1349944.jpg

Ադրբեջանական կողմի հերթական սադրանքից հետո  բնակիչների տրամադրություններին հաղորդակից լինելու նպատակով այսօր՝ հունիսի 29-ին, «Արցախպրես»-ի թղթակիցն այցելել է Մարտակերտի շրջանի` հարևանությամբ գտնվող Ճանկաթաղ, Կիչան, և Նոր Ղազանչի համայնքներ:

«Հունիսի 27-ին՝ երեկոյան ժամը մոտավորապես 21:00-ի դրությամբ, կրակոցների ձայներ են  լսվել: Թշնամու դիրքերից գյուղի ուղղությամբ կրակում էին հրետանային զինատեսակներից: Բնակիչների շրջանում, իհարկե, տագնապ ու վախ կար, բայց խուճապի չենք մատնվել: Բոլորս էլ քաջ գիտակցում ենք, որ մատաղ կյանքերը մեր հողի համար են դրվել զոհասեղանին»,- «Արցախպրես»-ի հետ զրույցում մանրամասնել է Կիչան համայքնի ղեկավար Արտո Հակոբյանը և ավելացրել, որ գյուղում շարունակում են ապրել ու արարել`  խաղաղության հաստատման մասին հույսը չկորցնելով:

Համայնքապետի խոսքով՝ գյուղի` մշակման ենթակա հողատարածքները բավականին մոտ են թշնամու մարտական դիրքերին, ինչի պատճառով 2022 թվականին աշնանացան մշակաբույսերի շատ փոքր ծավալի ցանքս են  կատարել, այն էլ`  միայն ռուս խաղաղապահների ներկայությամբ:

«Պատրաստվում ենք խոտհարքին, որից հետո նախատեսում ենք մեկնարկել  գարնանացանի աշխատանքները: Բայց համոզված չենք, որ կստացվի, քանի որ թշնամին շատ է խանգարում գյուղատնտեսական աշխատանքների լիարժեք կատարմանը: Հողատարածք ունենք, որը ևս չենք կարողացել մշակել, տեղում առաջացած խոտն էլ ուզում ենք կենդանիների համար որպես կեր բերել, բայց դա ևս չի ստացվում: Մենք լավ ենք հասկանում, որ նրանց նպատակն է ամեն ինչ անել, որպեզի թողնենք ու հեռանանք այստեղից, բայց մենք չենք պատրաստվում թշնամուն ուրախացնել: Անձամբ զրուցել եմ համայնքի բոլոր բնակիչների հետ, բոլորն էլ հաստատակամ են իրենց տներում ապրելու»,- նշել է համայնքապետը:

Ա. Հակոբյանն իրազեկել է, որ գյուղացիները տնամերձ հողատարածքներում բանջարաբոստանային մշակաբույսերի ցանքս են կատարել: Որոշ մշակաբույսերի քաղն արդեն սկսել են: Առատ տեղումների պատճառով այս տարի գյուղում նաև մրգի պակաս է զգացվում:

Գյուղի բնակչուհի Ռուզաննա Հակոբյանը մեզ հետ զրույցում նշել է, որ պատրաստ են դիմակայել ցանկացած փորձության, միայն թե ի վերջո խաղաղություն լինի  Արցախում։

«Թշնամու դիրքին մոտ գտնվող մեր հողամասը մնացել է անմշակ։ Բազմիցս խոչընդոտել են ցանքսի կատարմանը։ Շատ են կրակում թե՛ դեպի օդ, թե՛ գյուղի և թե՛ հատկապես դաշտում աշխատողների ուղղությամբ։ Բայց այլընտրանք չունենք, շարունակում ենք մեր բանջարանոցներում աշխատել,  որպեսզի կարողանանք շրջափակման հարուցած պարենամթերքի խնդիրը ինչ-որ չափով  հաղթահարել»,- պատմել է տիկին Ռուզաննան։

Լուսանկարները՝ Դավիթ Ղահրամանյանի

--00—ԶՀ