«Արցախի անվտանգության և զարգացման ճակատը» դատապարտում է հանրային հեռուստաընկերության դիրքորոշումը

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒԼԻՍԻ 11, 24news

front_logo

«Արցախի անվտանգության և զարգացման ճակատ» հանրային շարժումը հայտարարություն է տարածել․

«Գոյաբանական խնդիր լուծող Արցախը զերծ չէ նաև լրացուցիչ հոգեբանական ճնշումներից, որոնք, որքան էլ տարօրինակ ու անցանկալի, գալիս են նաև Հայաստանից: Արդեն տևական ժամանակ է, ինչ  Հայաստանի հանրային հեռուստաընկերության եթերից չեն հնչում Արցախի Հանրապետություն կամ Լեռնային Ղարաբաղի Հանրապետություն  անվանումները, իսկ օրերս էլ, ընդհանրապես, Արցախ անվանումը, ինչն անթաքույց ձևով ներդաշնակվում է ադրբեջանական խոսույթի հետ:

Ակնհայտ է, որ նման քաղաքականությունն ակամա քողարկված ձևով տանում է դեպի համակեցության պարտադրանք, ներարկում անընդունելի օրակարգ: Նման մոտեցումը ոտնահարում է արցախահայության իրավունքները և աղավաղում փաստացի կարգավիճակը բնորոշող տերմինաբանությունը:

Կրկնակի անընդունելի է, որ հեռուստաընկերության նման քաղաքականությունը կիսում և չարդարացված հնազանդությամբ իրագործում է նաև հեռուստաալիքի թղթակցական կետն Արցախում:

«Արցախի անվտանգության և զարգացման ճակատ» հանրային շարժումը դատապարտում է Հայաստանի հանրային հեռուստաընկերության նման  դիրքորոշումը  և կոչ անում` հարգել Արցախի Հանրապետության գործող Սահմանադրությունն ու վերանայել  որդեգրված  քաղաքականությունը»:

--00—ՅՄ