Ադրբեջանը կրկին փորձում է մոլորեցնել միջազգային հանրությանը, «Հացի խնդրի» մասին խուճապ մի տարածեք

ԵՐԵՎԱՆ, ՕԳՈՍՏՈՍԻ 30, 24News

l-J7hyLGcT2f

«Արցախի անվտանգության և զարգացման ճակատը» հայտարարություն է տարածել․

«Միջազգային հորդորներն ու դատարանների վճիռներն արհամարհող Ադրբեջանն, անտաղանդ բեմադրած ներկայացմամբ, կրկին փորձում է մոլորեցնել միջազգային հանրությանը:

Ութ ամիս շարունակ Արցախը պաշարած, 120 000 մարդու, այդ թվում 30 000 երեխաների սովի ու զրկանքների մատնած, Բերձորի «Լաչինի» միջանցքում ապօրինի տեղադրված անցակետում մարդկանց առևանգող Ադրբեջանը հանկարծ «բարի կամք» է բեմադրում՝ «Կարմիր մահիկի» մեքենաներով 40 տոննա ալյուր ուղարկելով Ակնա (Աղդամ): Եվ դա «Կարմիր Խաչի» մեքենայից Արցախի Հանրապետության քաղաքացուն առեւանգելուց հետո...

Նման «գթասրտության» դրդապատճառները միանգամայն պարզ են. առաջ անցնել Փարիզի և Ստրասբուրգի քաղաքապետերի բարձր հովանավորությամբ ու անմիջական մասնակցությամբ Արցախ ուղևորվող ֆրանսիական բեռնատարերից և Ակնա-Ստեփանակերտ ճանապարհով պարտադրել ինտեգրման սեփական օրակարգը։

Ադրբեջանի նման մանիպուլատիվ հակատրամաբանական քայլերը գուցեև ընդունելի են շատերի համար, բայց հաստատ՝ ոչ արցախցիների։

Որևէ բեռի տրամադրում մի պետության կողմից, որի պետական քաղաքականության հիմքում հայատյացությունն է, իսկ նպատակը՝ Արցախի վերջնական հայաթափումը, ուղիղ սադրանք է անկանխատեսելի հետևանքներով։

Արցախի անվտանգության և զարգացման ճակատը շարունակում է պնդել Հակարիի կամրջին ադրբեջանական ապօրինի տեղադրված անցակետի ապամոնտաժման և Հայաստանի հետ անխափան կապի վերականգնման պահանջը և հետևողականորեն պայքարելու է՝ թույլ չտալու Ակնա-Ստեփանակերտ ճանապարհով ադրբեջանական բռնատիրական պլանի իրագործումը:

Միևնույն ժամանակ, Ճակատը Արցախի Հանրապետության իշխանություններին կոչ է անում ճգնաժամային այս իրավիճակում, զերծ մնալ «Հացի խնդրի» վերաբերյալ հանրության մեջ խուճապ հարուցող հայտարարություններից եւ հանրապետությունում առկա պարենային պաշարների կառավարումն իրականացնել ռազմական դրության իրավական ռեժիմի պահանջներին համահունչ, հստակ մշակված մեխանիզմներով:

Արցախցին պատրաստ է հաղթահարել ցանկացած դժվարություն, սակայն պատրաստ չէ զիջելու իր արժանապատվությունը»:

--00—ՅՄ