Հռոմի Ֆրանցիսկոս պապը մեկնել է Լիսաբոն` կաթոլիկ երիտասարդության համաշխարհային օրվան

ԵՐԵՎԱՆ, ՕԳՈՍՏՈՍԻ 2, 24News

հռ պապ

Հռոմի Ֆրանցիսկոս պապը մեկնել է Լիսաբոն՝ մասնակցելու Երիտասարդության համաշխարհային օրվան: Դա երիտասարդ հավատացյալների, հիմնականում՝ կաթոլիկների փառատոն է, որը տևում է մի քանի օր: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հաղորդում է ТАСС-ը։

86-ամյա քահանայապետի ներկայիս առաքելական ուղևորությունը, որը նրա 42-րդ արտասահմանյան ուղևորությունն է, կտևի չորս օր և կներառի այցելություն Մարիամ Աստվածածնի կաթոլիկական սրբավայր Ֆաթիմա քաղաքում:

Երիտասարդության համաշխարհային օրը, որի առթիվ գումարվում է տարբեր երկրների երիտասարդության համագումարը, սահմանվել է հովվապետ Հովհաննես Պողոս II-ի (1920-2005) կողմից 1986 թվականին: Այդ ժամանակվանից այն տեղի է ունենում երկու-երեք տարին մեկ անգամ՝ Հռոմի կաթոլիկ եկեղեցու քահանայապետերի մասնակցությամբ։

Պորտուգալիայի մայրաքաղաքում սպասվում է միջոցառման մինչև 1 միլիոն մասնակից, թեև մինչ այժմ պաշտոնապես գրանցվել է մոտ 330 հազար մարդ։

Ֆրանցիսկոսն այցը կսկսի Պորտուգալիայի ղեկավարությանը և քաղաքացիական հասարակության ներկայացուցիչներին ուղղված կոչով։ Առաջին իսկ օրը Հռոմի պապը կանցկացնի պաշտոնական հանդիպումներ, ինչպես նաև կշփվի տեղի հոգևոր դասի ներկայացուցիչների հետ։

Օգոստոսի 3-ին հովվապետը կհանդիպի երիտասարդության հետ և պաշտոնապես կբացի փառատոնը։ Օգոստոսի 4-ին տեղի կունենա խաչերթ, օգոստոսի 6-ին՝ եզրափակիչ պատարագը։ Օգոստոսի 5-ին նախատեսվում է այցելություն Ֆաթիմա, որտեղ, ըստ կաթոլիկ ավանդության, 1917 թվականի հուլիսի 13-ին Մարիամ Աստվածածինը հայտնվել է տեղի երեք հովվուհիների։ Այնտեղ Ֆրանցիսկոսը կաղոթի հիվանդների հետ։ Վերադարձը Հռոմ սպասվում է օգոստոսի 6-ի ուշ երեկոյան:

--00—ԼՀ