Ուղևորների արագ և որակյալ սպասարկման համար ՀՀ օդանավակայաններում նոր տեխնոլոգիաներ կկիրառվեն

ԵՐԵՎԱՆ, ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 14, 24News

82fc67e03d9b777854ecbdc7c60c3297

Փոփոխություն է կատարվել ՀՀ օդանավակայաններում ավիացիոն անվտանգության հսկողության կազմակերպման և իրականացման կարգի մեջ: Այս մասին որոշումը կայացվել է կառավարության այսօրվա նիստին։

Որոշմամբ ներդրվում է Միջազգային քաղաքացիական ավիացիայի կազմակերպության (ԻԿԱՕ) թիվ 17 «Անվտանգություն, միջազգային քաղաքացիական ավիացիայի պաշտպանությունն անօրինական միջամտության ակտերից» նոր 12-րդ խմբագրությամբ սահմանված (կետ 2.5) պայմանները, ինչպես նաև ՀՀ օդանավակայաններում ուղևորների արագ և որակյալ սպասարկման ապահովման նպատակով նորագույն տեխնիկական լուծումների և անվտանգության համակարգերի կիրառումը, որը հնարավորություն կտա ավիացիոն անվտանգության ապահովման աշխատանքներում ներդնել նորագույն տեխնոլոգիաներ, նորարարական գործընթացներ և ապահովել դրանց գործառնական ընթացակարգերի իրականացումը։

Որոշման հիմնավորման մեջ նշվում է, որ 2022 թվականին և ընթացիկ տարում օդանավակայանում ուղևորների փոխադրումների աճի հետ կապված կիրառվող ընթացակարգերը հնարավորություն չեն տալիս ապահովելու ուղևորների արագ անցումը ավիացիոն անվտանգության հսկողության գոտի, որն էլ իր հերթին առաջացնում է ուղևորների սպասարկման ընթացքում հերթերի գոյացումներ և դժոգություններ։

Ելնելով վերոգրյալից անհրաժեշտություն է առաջացել ներդնել և կիրառել նորագույն տեխնիկական միջոցներ և նորարարական գործընթացներ օդանավակայաններում ուղևորների արագ և անվտանգ սպասարկման համար։

--00—ՅՄ