Ստեղծված դժվարին ժամանակաշրջանում պետք է պահպանել ակտիվ հաղորդակցություն․ Փաշինյանը՝ Իրանի դեսպանին

ԵՐԵՎԱՆ, ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 25, 24News

իր

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն ընդունել է Հայաստանի Հանրապետությունում Իրանի Իսլամական Հանարապետության նորանշանակ արտակարգ և լիազոր դեսպան Մեհդի Սոբհանիին: Այս մասին հայտնում են ՀՀ վարչապետի աշխատակազմից։

Վարչապետը շնորհավորել է դեսպանին նոր պաշտոնում նշանակվելու առիթով և հույս հայտնել, որ նրա պաշտոնավարման ընթացքում Հայաստան-Իրան հարաբերությունները կշարունակեն զարգանալ ու ամրապնդվել: Նիկոլ Փաշինյանն ընդգծել է, որ տարածաշրջանում ստեղծված դժվարին ժամանակաշրջանում երկու երկրները պետք է պահպանեն ակտիվ հաղորդակցություն: Վարչապետը շեշտել է, որ ԻԻՀ նախագահ Էբրահիմ Ռայիսիի հետ առկա է վստահելի երկխոսություն, ինչը նպաստում է հայ-իրանական փոխգործակցության հետևողական խորացմանը:

Մեհդի Սոբհանին շնորհակալություն է հայտնել ջերմ ընդունելության համար ու ընդգծել ԻԻՀ կառավարության շահագրգռվածությունը` զարգացնելու Հայաստանի հետ կապերը բոլոր ոլորտներում: Դեսպանը ևս մեկ անգամ ընդգծել է Հայաստանի տարածքային ամբողջականության պաշտպանության վերաբերյալ իրանական կողմի հստակ դիրքորոշումը: Պարոն Սոբհանին իր մտահոգություններն է արտահայտել Լեռնային Ղարաբաղում ստեղծված հումանիտար իրավիճակի կապակցությամբ և կարևորել ԼՂ հայերի անվտանգության և իրավունքների պաշտպանությունը:

Զրուցակիցներն անդրադարձել են հայ-իրանական հարաբերությունների օրակարգային մի շարք հարցերի: Մասնավորապես, քննարկվել են տնտեսության, առևտրատնտեսական կապերի, ենթակառուցվածքների զարգացման, առողջապահության, կրթության, գիտության, մշակույթի և այլ ուղղություններով համատեղ ծրագրերի իրականացմանը վերաբերող թեմաներ:

 --00—ԼՀ