Ի՞նչ փոփոխություններ են սպասվում պատվաստումների առումով. նախագիծ․ «Փաստ»

ԵՐԵՎԱՆ,  ՀՈԿՏԵՄԲԵՐԻ  14, 24News

սպ

«Փաստ» օրաթերթը գրում է. «Հաշվի առնելով պատվաստումների կարևորությունը և արդյունավետությունը վարակիչ հիվանդությունների կանխարգելման գործում՝ առողջապահության նախարարությունն ընդունել է Պատվաստումների ազգային օրացույցում նոր պատվաստանյութերի ներդրման ռազմավարություն:

Կառավարության 2020 թ. դեկտեմբերի 17-ի թիվ 2129-Ն որոշմամբ նախատեսվում էր Պատվաստումների ազգային օրացույցում 2022 թ.-ից ապահովել ջրծաղիկի դեմ պատվաստումների փուլային ներդրումը, սակայն նոր պատվաստանյութերի ներդրումը, բացի պատվաստանյութերի ձեռքբերման խնդիրներից, պահանջում է նաև բնակչությանն ուղղված սոցիալական մոբիլիզացման, բուժաշխատողների վերապատրաստման, ծրագրի կառավարման, սառցային շղթայի նոր սարքավորումների ներդրման նախապատրաստական աշխատանքներ:

COVID-19 համավարակի պայմաններում Հայաստանում դիտվել է առողջապահական համակարգի գերծանրաբեռնվածություն, որի պայմաններում, ըստ նախարարության, հնարավոր չէր լիարժեք իրականացնել ջրծաղիկի դեմ պատվաստումների ներդրման համար անհրաժեշտ նախապատրաստական աշխատանքներ: Ուստի նախատեսվում է ջրծաղիկի դեմ պատվաստումների ներդրումն իրականացնել 2024 թ.-ից:

Ամբողջ աշխարհում շարունակվում է COVID-19-ի մուտացիոն գործընթացը, բարձրանում է ռիսկի խմբերում հիվանդության ծանր ձևերի ու մահվան դեպքերի առաջացման հավանականությունը։ Այս համատեքստում Առողջապահության համաշխարհային կազմակերպությունն առաջարկում է COVID19-ի դեմ պատվաստումների իրականացման նոր ճանապարհային քարտեզ: Անհրաժեշտություն է առաջացել COVID-19-ի դեմ պատվաստումները ներառել Պատվաստումների ազգային օրացույցում՝ ռիսկի խմբերի շրջանում:»:

 

 --00—ԱՊ