Մենք հետևել ենք ԼՂ իրադարձություններին, այստեղ ենք, որպեսզի օգնենք․ Կանադայի ԱԳ նախարարը՝ Փաշինյանին

ԵՐԵՎԱՆ, ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 25, 24News

41072_b

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն ընդունել է Կանադայի արտաքին գործերի նախարար Մելանի Ջոլիին:

Վարչապետը Փաշինյանն իր ողջույնի խոսքում, մասնավորապես, նշել է. «Հարգելի տիկին նախարար, հարգելի ընկերներ, ողջունում եմ ձեզ մեր երկրում։ Թույլ տվեք առաջին հերթին հայտնել իմ գոհունակությունը՝ մեր երկրում Կանադայի դեսպանատան բացման առիթով, ինչը, կարծում եմ, իսկապես նշանակալի իրադարձություն է մեր երկկողմ հարաբերությունների համար: Մասնավորապես, այժմ մենք կունենանք ռեզիդենտ դեսպան, ինչը նշանակում է, որ կունենանք շարունակական երկխոսություն: Սա շատ կարևոր է, մասնավորապես, ներկայիս հանգամանքներում։

Շատ կարևոր է շեշտել, որ սա մի շարք բանակցությունների, այցերի արդյունքն է։ Հիշում եմ, որ այս մասին խոսակցությունը մեկնարկել է 2018 թվականին, երբ վարչապետ Թրյուդոն այցելեց Հայաստան, որի շրջանակում մենք ունեցանք խոսակցություն, ինչից հետո մեզ այցելեց հատուկ ներկայացուցիչ Դիոնը, որից հետո Հայաստանի ժողովրդավարությանն աջակցելու մասին զեկույցը թողարկվեց։

Իհարկե, մենք շատ բարձր ենք գնահատում Ձեր անձնական ներդրումն ու ջանքերը։ Բարի գալուստ Հայաստան»։

Իր հերթին, Մելանի Ջոլին շնորհակալություն հայտնել վարչապետին ջերմ ընդունելության համար և նշել. «Ես համոզված եմ, որ պարոն վարչապետն Օտտավայից ևս մտովի և սրտում տոնում է դեսպանատան բացումը մեզ հետ միասին։ Ուրախ ենք, որ Հայաստանում ունենք առաջին դեսպան, ով լավ է ճանաչում Հայաստանը, որովհետև նա երկար ժամանակ աշխատել է Հայաստանի գծով արտաքին հարաբերությունների վարչությունում։ Եվ նա նաև մեր երկրում ձեր հրաշալի դեսպանի մտերիմ ընկերն է, ով նույնպես հիմա մեզ հետ է։

Մենք ձեզ մոտ ենք եկել մի ժամանակահատվածում, որը գիտենք, որ Հայաստանի համար բավականին բարդ ժամանակահատված է։ Մենք հետևել ենք սեպտեմբերի 19-20-ի իրադարձություններին, և իհարկե, մեր նպատակը Հայաստանին օգնելն է այս դժվար իրավիճակում, ինչպես նաև օգնել, որպեսզի տարածաշրջանը լինի ավելի խաղաղ և կայուն։ Մենք սա անում ենք առաջին հերթին ԵՄ առաքելության մեջ ներգրավվելով, մենք ԵՄ ոչ անդամ միակ պետությունն ենք, որը մասնակցում է ԵՄ առաքելությանը։ Սա առաջին քայլն է Հայաստանում առավել ներկայություն ապահովելու հարցում։

Այսօր մենք հայտարարել ենք ԵՄ հումանիտար աջակցությանը նոր ֆինանսական միջոցներ հատկացնելու մասին՝ հասցեագրելու այն խնդիրները, որոնք առաջացել են այդքան մեծ թվով էթնիկ հայերի՝ Լեռնային Ղարաբաղից հարկադրական տեղահանության հետևանքով։ Մենք աջակցում ենք ՄԱԿ-ի և Կարմիր խաչի միջազգային կոմիտեի ջանքերին»։ Կանադայի ԱԳ նախարարը հավելել է, որ վաղը կայցելի Հայաստանի հարավ՝ հանդիպելու տեղական իշխանություններին և ԼՂ-ից բռնի տեղահանության ենթարկված ժողովրդին:

Նիկոլ Փաշինյանն անդրադարձել է Լեռնային Ղարաբաղում Ադրբեջանի կողմից էթնիկ զտման քաղաքականության հետևանքով 100 հազարից ավելի ԼՂ մեր հայրենակիցների բռնի տեղահանությանն ու ստեղծված հումանիտար իրավիճակին, այդ համատեքստում կարևորել միջազգային աջակցությունն առկա խնդիրների լուծման գործում:

Զրուցակիցները քննարկել են Հայաստան-Ադրբեջան հարաբերությունների կարգավորմանը, տարածքային ամբողջականության, ինքնիշխանության, իրավազորության և փոխադարձության սկզբունքների հիման վրա տարածաշրջանային տրանսպորտային ենթակառուցվածքների ապաշրջափակման հնարավորություններին, ինչպես նաև տարածաշրջանում խաղաղությանն ու կայունությանը վերաբերող հարցեր:

Մտքեր են փոխանակվել Հայաստան-Կանադա համագործակցության օրակարգային հարցերի շուրջ:

--00—ՅՄ