Իսրայելը վերսկսել է ռազմական գործողությունները՝ ՀԱՄԱՍ-ին մեղադրելով հրադադարը խախտելու մեջ

ԵՐԵՎԱՆ, ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 1, 24News

իս

Իսրայելի և պաղեստինյան ՀԱՄԱՍ շարժման միջև 7-օրյա հրադադարից հետո մարտերը վերսկսվել են։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ Իսրայելի պաշտպանության բանակը (ԻՊԲ) ՀԱՄԱՍ-ին մեղադրել է հրադադարը խախտելու, ինչպես նաև Իսրայելի տարածքի վրա կրակ բացելու մեջ։

«ԻՊԲ-ն վերսկսել է Գազայում ՀԱՄԱՍ ահաբեկչական կազմակերպության դեմ մարտերը», - գրված է հաղորդագրության մեջ։

Հրադադարի ավարտվելու ժամկետից մեկ ժամ առաջ՝ տեղի ժամանակով առավոտյան 6։00-ին, Իսրայելը հայտարարել էր, որ Գազայից արձակված հրթիռ է կալանել։

«Գազայի մոտ գտնվող համայնքների մոտ շչակների հնչելուց հետո ԻՊԲ-ի հակաօդային պաշպանությունը հաջողությամբ կալանել է Գազայից արձակված (խմբ․՝ հրթիռը)»։

Պաղեստինյան լրատվամիջոցներն իրենց հերթին հայտնում են, որ հրադադարի ժամկետի ավարտից հետո Իսրայելը սկսել է օդային և հրետանային հարվածներն անկլավի ուղղությամբ։

Կատարի միջնորդական ջանքերի շնորհիվ ձեռք բերված հրադադարն ուժի մեջ էր մտել նոյեմբերի 24-ին և երկու անգամ երկարաձգվել էր։ Այդ ընթացքում ՀԱՄԱՍ-ն Իսրայելին է վերադարձրել 105 պատանդի, իսկ Իսրայելն ազատ է արձակել 240 պաղեստինցի բանտարկյալի։ Հրադադարը նաև թույլ էր տվել, որ Գազայի հատված մտնի հումանիտար օգնություն, այդ թվում՝ սնունդ, բժշկական պարագաներ, վառելիք։

ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենը, որը Իսրայել-ՀԱՄԱՍ հակամարտության բռնկումից հետո արդեն երրորդ անգամ է այցելել Մերձավոր Արևելք, հայտնել է, որ Իսրայելի վարչապետ Բենյամին Նեթանյահուի հետ զրույցում շեշտել է Գազայի հարավում քաղաքացիական անձանց շրջանում զոհերի և զանգվածային տեղահանումների անթույլատրելիությունը։

Իսրայելը խոստացել է ոչնչացնել ՀԱՄԱՍ-ն այն բանից հետո, երբ հոկտեմբերի 7-ին կազմակերպության զինյալները ներխուժեցին Իսրայել՝ սպանելով 1200 մարդու, գերեվարելով 240-ին։ Իսրայելի ռազմական գործողությունների ընթացքում Գազայի հատվածում ավելի քան 15 000 մարդ է զոհվել։

--00—ԼՀ