Սա լավ հնարավորություն է. Միրզոյանը մասնակցում է ԵՄ ԱԳ նախարարների նիստին

ԵՐԵՎԱՆ, ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 11, 24News

 Վաղ առավոտյան մեկնարկեց ԵՄ արտգործնախարարների խորհրդի նիստը՝ Եվրամիության արտաքին հարաբերությունների և անվտանգության քաղաքականության հարցերով բարձր ներկայացուցիչ Ժոզեպ Բորելի նախագահությամբ։ Խորհրդի նիստի շրջանակներում տրվել է ոչ պաշտոնական նախաճաշ, որին մասնակցել է նաև Հայաստանի արտաքին գերատեսչության ղեկավար Արարատ Միրզոյանը։ 

«Սա լավ առիթ է ներկայացնելու, թե ինչպիսին է այսօրվա Հայաստանը, ինչ մարտահրավերներ ու նաև հնարավորություններ, ձգտումներ մենք ունենք։  Սա լավ հնարավորություն է ներկայացնելու թե ինչ տեսլական ունենք ԵՄ-ի հետ հարաբերությունները խորացնելու համար, խոսելու այն մասին, թե ինչ է մինչ այս պահն արվել Հայաստանի և ԵՄ-ի միջև։ Սա նաև լավ առիթ է մեր երախտագիտությունը հայտնելու ԵՄ-ին մեր ժողովրդավարական բարեփոխումներին, Լեռնային Ղարաբաղից փախստականներին, Հարավային Կովկասում խաղաղության գործընթացին աջակցելու համար»,- ասել է Հայաստանի արտաքին գործերի նախարարը ոչ պաշտոնական նախաճաշին մասնակցելուց առաջ լրագրողներին տված ճեպազրույցում։

Բրյուսելում «Արմենպրես»-ի թղթակցի փոխանցմամբ՝ ԵՄ արտգործնախարարների խորհրդի նիստը կմեկնարկի Ուկրաինայի արտաքին գործերի նախարար Դմիտրի Կուլեբայի հետ մտքերի ոչ պաշտոնական փոխանակմամբ։ Նիստի օրակարգում են Ուկրաինայի դեմ ռուսական ագրեսիայի, Իսրայելում և տարածաշրջանում տիրող իրավիճակի և այլ հարցեր։

Նախարար Արարատ Միրզոյանը երեկոյան կմասնակցի ԵՄ Արևելյան գործընկերության արտաքին գործերի նախարարների մակարդակով անցկացվող ժողովին։ Նախարարները կարծիքներ կփոխանակեն Արևելյան գործընկերության եւ դրա ձեռքբերումների վերաբերյալ։  Անդրադարձ կլինի նաև, թե ինչպես կարող է ԱլԳ-ն շարունակել ապահովել անդամ երկրների և գործընկեր երկրների կարիքների բավարարումը, որոնք պետք է լինեն 2024 թվականին համատեղ աշխատանքի հիմնական առաջնահերթությունները, և ինչպես արագացնել Արևելյան գործընկերության տնտեսական և ներդրումային պլանի իրականացումը։  Կքննարկվեն նաև միջոցներն ու ուղիները, թե ինչպես ավելացնել համագործակցությունը այնպիսի տարածաշրջանների հետ, ինչպիսիք են Կենտրոնական Ասիան և Արևմտյան Բալկանները, ինչպես նաև սիներգիաները տարածաշրջանային այլ քաղաքականությունների հետ, ինչպիսին է Սևծովյան սիներգիան:

--00--ԼՀ