Նախարարի տեղակալն անդրադարձել է «Հայոց պատմության» 7-րդ դասարանի դասագրքի շուրջ դժգոհություններին

ԵՐԵՎԱՆ, ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 22, 24News

մշ

 «Հայոց պատմություն» առարկայի 7-րդ դասարանի դասագրքի  շուրջ   ակադեմիական շրջանակի և հանրության շրջանում բարձրացված արձագանքից  ելնելով՝  ԿԳՄՍ նախարարը նախաձեռնել է հանդիպում գրքի հեղինակի և բոլոր հետաքրքրված անձանց մասնակցությամբ: Բոլոր բարձրացված հարցերը փոխանցվել են հեղինակին, ով այժմ աշխատում է բոլոր հարցերի շուրջ:

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին դեկտեմբերի 22-ին տարեկան ամփոփիչ ասուլիսի ժամանակ ասաց ԿԳՄՍ նախարարի տեղակալ Արաքսիա Սվաջյանը՝ անդրադառնալով դասագրքի շուրջ առկա դժգոհություններին:

Նա նշեց, որ իրենք բոլոր դասագրքերի վերաբերյալ  հավաքագրում են տեղեկատվություն, և բոլոր հեղինակները հանձնարարական էին ստացել հավաքագրված տեղեկատվության համաձայն պատրաստել ներդիրներ, որպեսզի անհրաժեշտ  խմբագրական որոշակի շտկումներն իրականացվեն:

«Իսկ «Հայոց պատմություն» դասագիրքը բոլորովին այլ ընթացակարգով է գնում, քանի որ այն  թե՛ ակադեմիական շրջանակի, և թե՛ հանրության շրջանում բավականին մեծ արձագանք ունեցավ, որի առիթով  մենք մի շարք հանդիպումներ ենք նախաձեռնել, լսել ենք տարբեր մարդկանց  կարծիքներ: Այդ բոլոր հանդիպումներին հրավիրել ենք նաև դասագրքի հեղինակին և ստեղծող կազմակերպությանը:

Եվ մեր  վերջին հանդիպման ժամանակ մենք պայմանավորվածություն ենք ձեռք բերել, ու   բոլոր կարծիքները, դիտողություններն և դիտարկումները հանձնվել են դասագրքի հեղինակին, ով ամփոփաթերթի տեսքով նախարարություն կներկայացնի,  թե յուրաքանչյուր դիտարկման կամ դիտողության վերաբերյալ ի՞նչ դիրքորոշում ունի, ի՞նչ շտկումներ է իրականացնելու, ինչի՞ հետ է համաձայն, և ինչի՞ հետ ոչ: Ամփոփաթերթի պատրաստ լինելուց հետո  մենք, իհարկե, կկիսենք դա բոլոր այն մարդկանց հետ, որոնք այդ կարծիքները  և դիտողությունները ներկայացրել էին»,- ասաց նախարարի տեղակալը:

Սվաջյանն ընդգծեց, որ  ամփոփաթերթը այնուհետև կուղարկեն գաղտնի և անկախ փորձաքննության,  որպեսզի հասկանան թե հեղինակի կողմից ընդունված կամ չընդունված դիտողությունները ինչ ազդեցություն  կարող են ունենալ դասագրքի հետագա կիրառման վրա:

«Գործընթացը այժմ ընթանում է,  դասագրքի հեղինակը աշխատում է առաջարկների և դիտողությունների վրա, և, երբ մենք կունենանք վերջնական պատասխանը, հաջորդող բոլոր գործողություններն  իրականացնելուց հետո  այդ  մասին կիրազեկենք»,- եզրափակեց Սվաջյանը:

--00--ԼՀ