Նոր դասագրքերի առումով սա փորձնական տարի է լինելու. ԿԳՄՍ նախարարը՝ դպրոցների ղեկավարներին

ԵՐԵՎԱՆ, ՕԳՈՍՏՈՍԻ 29, 24News

հհ

Նոր ուսումնական տարվան ընդառաջ օգոստոսյան ավանդական խորհրդակցությունների վերջին փուլն անցկացվում է Երևանում: Մայրաքաղաքի հանրակրթական ուսումնական հաստատությունների ղեկավարների հետ խորհրդակցությունը վարել է ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանը: Այս մասին  հայտնում են ԿԳՄՍ նախարարությունից:

Խորհրդակցությանը ներկա են եղել նաև ԿԳՄՍ նախարարի տեղակալ Արաքսիա Սվաջյանը, ներկայացուցիչներ Երևանի քաղաքապետարանից, Կրթության զարգացման և նորարարության ազգային կենտրոնից, Կրթական տեխնոլոգիաների ազգային կենտրոնից, ինչպես նաև դպրոցների տնօրեններ և փոխտնօրեններ:

Նախարար Ժաննա Անդրեասյանը, ողջունելով ներկաներին և շնորհավորելով նոր ուսումնական տարվա մեկնարկի առթիվ, անդրադարձել է նոր ուսումնական տարվա փոփոխություններին, մասնավորապես հանրակրթական նոր չափորոշչի ներդրմանը, որը կկիրառվի 2-րդ, 5-րդ, 7-րդ դասարանների համար:

«Հանրակրթության նոր չափորոշչի փուլային ներդրման գործընթացը մեզնից պահանջում է կամք, հետևողականություն, համբերություն և սրտացավություն: Վստահ եմ՝ բազում հարցեր ենք ունենալու չափորոշչի ներդրման ընթացքում: Այդ հարցերն անխուսափելի են, եթե մենք խոսում ենք կրթական նման բովանդակային լայնածավալ փոփոխության մասին: Շատ կարևոր է, որ մենք բոլորս աշխատենք իբրև մեկ թիմ. այդ պարագայում բոլոր խնդիրները դառնում են լուծելի: Փոփոխություններն առաջ հերթին մեր երեխաների կրթությունն ավելի արդյունավետ և որակյալ դարձնելու, բայց նաև ուսուցչի գործն ավելի հեշտացնելու մասին են: Ուսուցիչներին տալիս ենք գործիքակազմի մի ամբողջ հնարավորություն, դպրոցների ֆինանսավորման նոր ձևաչափ, որը թույլ է տալու առաջացած խնդիրները լուծելու ձևեր գտնել»,- ասել է Ժաննա Անդրեասյանը՝ ընդգծելով, որ նախարարության ներկայացուցիչները մշտապես պատրաստ կլինեն աջակցելու ցանկացած խնդրի առաջացման դեպքում:

ԿԳՄՍ նախարարն, անդրադառնալով նոր դասագրքերին, նշել է, որ նոր չափորոշիչ ենթադրում է դասագրքերի փոփոխություն. «Այս տարին կարելի է անվանել կրթական փոփոխությունների տարի, որովհետև այն, ինչի մասին խոսում էինք և փորձարկում, արդեն ներդրվում է հանրապետության բոլոր դպրոցներում: Խոսքն, իհարկե, հանրակրթության պետական նոր չափորոշչի, ֆինանսավորման նոր կարգի և դրանցից բխող նոր փոփոխությունների մասին է: Օրինակ, նոր չափորոշիչը ենթադրում է նոր դասագրքեր:

Վստահ եմ՝ արդեն հասցրել եք ծանոթանալ նոր դասագրքերին, որոնք հասանելի են էլեկտրոնային տարբերակով, ու նկատել եք՝ կան մեթոդական էական փոփոխություններ դասագրքերի կառուցվածքի և դրանց մոտեցման մեջ: Նոր դասագրքերի առումով սա մեզ համար փորձնական տարի է լինելու, ուստի խնդրում եմ այդ հարցում լինեք շատ ուշադիր: Դասագրքերն արդեն տեղադրված են էլեկտրոնային հարթակներում, դրանց տպագրման գործընթացն ընթացքում է և առաջիկայում դասագրքերը որոշակի փուլերով կմտնեն դպրոցներ: Բայց մինչ այդ մենք կարիք կունենանք ուսուցման գործընթացը կազմակերպելու. դասագրքերի էլեկտրոնային տարբերակները կան: Վստահ եմ՝ անցումային փուլի դժվարությունները միասին կհաղթահարենք»:

--00--ԼՀ