Հունգարիայի դիրքորոշումը շատ կարևոր է Հայաստան-ԵՄ հարաբերությունները խորացնելու և ընդլայնելու համար

ԵՐԵՎԱՆ, ՓԵՏՐՎԱՐԻ 12, 24News

հո

Հայաստանի Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանի՝ Հունգարիա պաշտոնական այցի արդյունքում լիարժեք վերականգնվեցին հայ-հունգարական դիվանագիտական հարաբերությունները։

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին ասաց Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարի տեղակալ Պարույր Հովհաննիսյանը՝ ամփոփելով Հայաստանի նախագահի՝ Հունգարիա պաշտոնական այցի արդյունքները։

«Ավելի քան տասնմեկ տարի չենք ունեցել բարձրաստիճան այց Հունգարիա, և այս այցով, կարելի է ասել, լիարժեք վերականգնվում են հայ-հունգարական դիվանագիտական հարաբերությունները։ Այցը ընդգրկուն էր թե՛ ոլորտային, թե՛ քաղաքական երկխոսության առումով։ Կցանկանայի նշել այն կարևորությունը, որ մենք տալիս ենք այս ամենին Եվրամիության հետ գործընկերության առումով․ Հունգարիան հուլիսից ստանձնում է Եվրամիության խորհրդի նախագահությունը, և այդ առումով այդ երկրի դիրքորոշումը շատ կարևոր է մեր գործընկերությունը Եվրամիության հետ խորացնելու, ընդլայնելու տեսանկյունից։

Բացի այդ, մի շարք կարևոր ոլորտային համագործակցության եզրեր քննարկվեցին։ Առողջապահական ոլորտում համագործակցությունը խորացնելու համար առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանն էր ներգրավված, կրթության ոլորտում՝  կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Արթուր Մարտիրոսյանը, եղան նաև հանդիպումներ արտգործնախարարության գործընկերների հետ, Հունգարիայի խորհրդարանի անդամների հետ ունեցանք հանդիպումներ»,- ասաց Հովհաննիսյանը։

Փոխնախարարը տեղեկացրեց, որ, հաշվի առնելով հունգարական կողմի հետաքրքրությունը, հայկական կողմը նաև ներկայացրել էր «Խաղաղության խաչմերուկ» ծրագիրը։

«Հունգարիան կարևորում է էներգետիկ և տրանսպորտային նախագծերը Հարավային Կովկասում՝ ոչ միայն Հայաստանի, այլ նաև մեր հարևան երկրների հետ։ Կարծում եմ՝ այդ բոլոր հարցերը շատ կարևոր էին մեզ համար, և այցը հասավ իր նպատակին»,- ընդգծեց Հովհաննիսյանը։

ԱԳ փոխնախարարի խոսքով՝ հունգարական կողմը ցավում է անցյալում կատարվածի համար և հայ-հունգարական հարաբերությունները վերականգնելու համար մի շարք քայլեր է իրականացրել։

«Հունգարիան աջակցություն է ցուցաբերել Գուրգեն Մարգարյանի անվան դպրոցին, աջակցել է ռազմագերիների վերադարձի հարցում, համավարակի ընթացքում ուղարկել է հումանիտար օգնություն․ այդ ամենը վկայում է, որ հունգարական կողմը ցավում է անցյալում կատարվածի համար և փորձում է վերականգնել հարաբերություններն այն հարուստ պատմական կապերի հիման վրա, որոնք գոյություն ունեն։ Չէ՞ որ Հունգարիայում գտնվում է ամենահին հայկական համայնքներից մեկը։ Հունգարիայում հայ համայնքը օժտված է մի շարք առավելություններով՝ ունենք ներկայացուցչություն խորհրդարանում, Բուդապեշտում վերականգնվել է հայկական եկեղեցին։ Քրիստոնյա փոքրամասնությունների վերաբերյալ Հունգարիայի շատ զգայուն մոտեցումը նույնպես համահունչ է մեր մոտեցումներին։ Այդ ամենը հիմք է ստեղծում հավատալու, որ անկեղծ ցանկություն կար հաղթահարելու այդ ցավոտ էջը և շարժվել առաջ»,- եզրափակեց Հովհաննիսյանը։

Հայաստանի և Հունգարիայի միջև դիվանագիտական հարաբերությունները, որոնք հաստատվել էին 1992թ. փետրվարի 26-ին, կասեցվել էին 2012թ. օգոստոսի 31-ին Հունգարիայի կողմից ադրբեջանցի ոճրագործ Ռամիլ Սաֆարովին Ադրբեջանին արտահանձնելուց հետո։ 2022թ․ դեկտեմբերի 1-ին Լոձում ԵԱՀԿ նախարարական համաժողովի շրջանակներում տեղի է ունեցել Հայաստանի և Հունգարիայի ԱԳ նախարարներ Արարատ Միրզոյանի և Պետեր Սիյարտոյի հանդիպումը, որի ընթացքում պայմանավորվածություն է ձեռք բերել վերականգնել լիարժեք դիվանագիտական հարաբերությունները։ 2023թ. կայացել է Սիյարտոյի այցը Հայաստան։ Փետրվարի 5-7-ը պաշտոնական այցով Հունգարիայում էր ՀՀ նախագահ Վահագն Խաչատուրյանը։

--00—ԼՀ