«Հոնքը շինելու տեղը...», ու՝ անընդհատ, ու՝ գրեթե ամեն ինչում. «Փաստ»

ԵՐԵՎԱՆ, ՄԱՐՏԻ 9, 24News

h

«Փաստ» օրաթերթը գրում է. «Այդպիսի հանրածանոթ ասացվածք կա. «Հոնքը շինելու փոխարեն, տվեցին, աչքն էլ հանեցին»: Սա իսկը Նիկոլ Փաշինյանի ու նրա գլխավորած կառավարության գործունեությունը բնորոշելու համար է ասված: Նախորդ համարներում արդեն դիտարկել ենք, թե ինչ փորձանքներ բերեցին Փաշինյանն ու իր գլխավորած իշխանությունը արտաքինքաղաքական առումով և Հայոց բանակի գլխին: Բայց չէ՞ որ միայն դա չէ: Գրեթե չկա ոլորտ, որտեղ «թավշահեղափոխականները» մի «թարս բան» մոգոնած կամ նախաձեռնած չլինեն: Ավելին, եթե անգամ արտաքուստ ինչ-որ դրական նպատակադրում է երևում դրանց տակ, էլի, միևնույնն է, հակառակ էֆեկտ է ստացվում:

Շատ հեռու չգնանք. ինչպես հայտնի է, Փաշինյանի կառավարության որոշմամբ, մարտի 1-ից ավելի քան 450 անուն դեղեր դեղատները բաց են թողնում միայն էլեկտրոնային դեղատոմսի առկայության դեպքում: Սրա հիմնական հռչակագրային նպատակը բնակչությանն ինքնաբուժությունից պաշտպանելն է: Խոսքը հակավարակային, հակաբակտերիային, հակասնկային, հակամիկրոբակտերիային, հակավիրուսային դեղերի, հակաբիոտիկների, իմունային շիճուկների և իմունոգլոբուլինների, պատվաստանյութերի մասին է: Ենթադրենք, թե իսկապես էլ Փաշինյանի իշխանությունը «լավ բան» էր ուզում անել: Ենթադրենք: Բայց հետևանքը իրական կյանքում ինչպիսի՞ն է: Թող նշված դեղերն օգտագործող հայրենակիցները, բժիշկներն ու դեղատների աշխատողներն առաջինն ասեն: Իսկ մինչ նրանք իրենց ասելիքը մեջբերելի արտահայտություններով կձևակերպեն, հակիրճ նշենք՝ խայտառակությո՛ւն ու բառիս բուն իմաստով քաոս:

Հեռու մի գնացեք, մտեք ցանկացած պոլիկլինիկա ու կհամոզվեք դրանում: Առողջապահական համակարգն ուղղակիորեն անպատրաստ էր նման որոշման իրականացմանը: Ու դեռ 2025-ի հունվարի 1-ից էլ ցանկանում են գրեթե բոլոր դեղերի վրա տարածել «էլեկտրոնային դեղատոմսերի» պարտադրանքը: Բայց սա ընդամենկ 1 օրինակ է: Փաշինյանը, հիշո՞ւմ եք, հայտարարում էր «խաղամոլության դեմ» պայքարելու մասին: Անգամ ինչ-որ օրինագծեր մտմտացին, ինչ-որ սխեմաներ կազմեցին: Եվ ի՞նչ: Եվ այն, որ փաշինյանական կառավարման 6 տարվա ընթացքում «խաղամոլության» ծավալները բազմապատիկ են աճել: Չստացվե՞ց, որ էլի՝ «հոնքը շինելու փոխարեն, տվեցին, աչքը հանեցին»:

Վերցնենք այնպիսի անմեղ մի բան, ինչպիսին է շրջակա միջավայրը մաքուր պահելու նպատակով պոլիէթիլենային տոպրակների թանկացումը: Փաշինյանական իշխանության այս նախաձեռնության հիմնական «փորացավը», ժողովրդական բառուբանով ասած, ցելոֆանե տոպրակներից մեր շրջակա միջավայրն ազատելն էր: Ու ի՞նչ: Ու այն, որ դա ընդամենը վերաճեց հանրության վրա «ցելոֆանի հարկ» դնելու: Այսինքն, դրա ամբողջ «էֆեկտն» այն եղավ, որ մարդիկ խանութներում սկսեցին 10-ի փոխարեն 50 դրամ վճարել այդ տոպրակների համար, որոնք, ի լրումն, մի բան էլ ավելի հաստացան: Այսինքն՝ պոլիէթիլենային մասն ավելացավ, ու այժմյան տոպրակները շատ ավելի դանդաղ են քայքայվելու, քան մինչ այդ գործածվողները: Կարևորը՝ մարդկանց գրպաններն ավելի շատ թեթևացրին: Թվում է, թե անմեղ-անշառ բաներ են, չէ՞:

Հա, Արցախի կորստի, Փաշինյանի իշխանության բերած այլևայլ աղետների խորապատկերում, այո, նշվածները գուցե ոչ մի բան են կամ չնչին մի երևույթ: Բայց մյուս կողմից՝ դա մեր ամենօրյա իրականությունն է, որի պայմաններում ապրում ենք, եթե իհարկե, այս մղձավանջը կարելի է կյանք համարել: Կամ՝ վերցնենք կերակրի աղին Նիկոլ Փաշինյանի կառավարության հայտարարած «սրբազան պատերազմը»: Դե այն, որ հանրային սննդի օբյեկտներում սեղաններին արգելեցին աղ (աղաման) դնել՝ դրա համար ահռելի տուգանք սահմանելով: Թե այդ նախաձեռնության հեղինակներից որ մեկին են դպրոցում քիմիայից «1» նշանակել, անհայտ է, բայց որ հիշատակված նախաձեռնությունն ինքնին անհեթեթություն է և ամենաիսկական «թիթեռանկարչություն», կարծում ենք՝ ակնհայտ է: Ի լրումն, բազմաթիվ մեծուփոքր սննդակետերի աշխատողների կյանքին էլի մի ինչ-որ անախորժություն հաղորդեցին:»:

 

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում:

 

 --00—ԱՊ