Իսրայելի զինվորականները վերահսկողության տակ են վերցրել Գազայի «Աշ Շիֆա» հիվանդանոցը

ԵՐԵՎԱՆ, ՄԱՐՏԻ 18, 24News

is

Իսրայելի պաշտպանության բանակը (ԻՊԲ) վերահսկողություն է հաստատել Գազայի «Աշ Շիֆա» հիվանդանոցի վրա այն բանից հետո, երբ հետախուզական տվյալներ են ստացվել, որ ՀԱՄԱՍ-ի զինյալները հարձակում են նախապատրաստում հիվանդանոցի տարածքից: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այդ մասին գրում է The Times of Israel-ը։

Ավելի վաղ ԻՊԲ-ի ներկայացուցիչ Դանիել Հագարին հայտնել էր, որ բանակը «մեծ ճշգրտության գործողություն է իրականացնում Շիֆա հիվանդանոցի սահմանափակ տարածքում՝ ստանալով կոնկրետ հետախուզական տվյալներ, որոնք անհապաղ արձագանք էին պահանջում»:

«Մենք գիտենք, որ ՀԱՄԱՍ-ի ահաբեկիչների պարագլուխները վերախմբավորվել են հիվանդանոցի տարածքում և այն օգտագործում են, որպեսզի հրամաններ տան Իսրայելի վրա գրոհների մասին»,-հայտարարել էր Հագարին։

Հիվանդանոցային համալիրի տարածքում փոխհրաձգություն է տեղի ունեցել ՀԱՄԱՍ-ի զինյալների հետ, որոնցից մի քանիսը սպանվել են։ Զինվորականները ձերբակալել են 80 կասկածյալի։

Նշվում է, որ նախքան գործողության սկսվելը զինվորականներին հրահանգվել էր, որ նրանք վնաս չհասցնեն բուժառուներին, բժիշկներին, քաղաքացիական անձանց կամ բժշկական սարքավորումներին։ Ըստ հրապարակման՝ հիվանդանոցի բուժառուների և բուժանձնակազմին տարհանման հրահանգ չի տրվել, սակայն ստեղծվել են ուղիներ, որպեսզի քաղաքացիական անձինք լքեն տարածքը։

Գազայի հատվածի առողջապահության նախարարությունում հայտարարել են, որ իսրայելցի զինվորականները կրակ են արձակել հիվանդանոցի ուղղությամբ, ինչի հետևանքով կան զոհեր ու վիրավորներ։ Առողջապահության նախարարության տվյալներով՝ հիվանդանոցային համալիրի տարածքում պատսպարվում է շուրջ 30 000 մարդ, այդ թվում՝ տեղահանված անձինք։

--00—ԼՀ