Իսրայելը հայտնել է Գազայի հետ սահմանի նկատմամբ վերահսկողությունը վերականգնելու մասին

ԵՐԵՎԱՆ, ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 10,24News

դ

Իսրայելի պաշտպանության բանակը (ԻՊԲ) հայտարարել է, որ վերջապես վերականգնել է վերահսկողությունը Գազայի հատվածի հետ սահմանի նկատմամբ։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հաղորդում է Times of Israel պարբերականը։

ԻՊԲ-ն նշել է, որ կարողացել է փակել սահմանը, ականապատել է ցանկապատի այն հատվածները, որոնցով ՀԱՄԱՍ-ի զինյալները ներխուժել էին Իսրայելի տարածք։

ԻՊԲ-ի խոսնակ Դանիել Հագարին հայտնել է, որ զինվորականները չեն հայտնաբերել Գազայից Իսրայելի տարածք տանող թունելներ՝ չնայած դրանց մասին նախկինում եղած հաղորդումներին։ Խոսնակը հավելել է, որ Իսրայելում կարող են լինել փոքրաթիվ զինյալներ։

ԻՊԲ-ի փոխգնդապետ Ռիչարդ Հեչթն իր հերթին հայտնել է, որ Իսրայելի հարավում հայտնաբերվել է 1500 զինյալի մարմին։

Հոկտեմբերի 7-ին ռազմական գործողությունների մեկնարկից ի վեր իսրայելական կողմում կա 900-ից ավելի զոհ, այդ թվում՝ 260 մարդ սպանվել է երաժշտական փառատոնի ժամանակ։ Գազայի հատվածում զոհերի թիվը գերազանցել է 700-ը։

Իսրայելը պատերազմ է հայտարարել և 300 000 պահեստազորայինների զորակոչել հնարավոր ցամաքային ներխուժման համար։

--00--ԼՀ