Փաշինյանը հերթական պատերազմով շանտաժի է ենթարկում ժողովրդին՝ գնալով նոր տարածքային զիջումների

ԵՐԵՎԱՆ, ՄԱՐՏԻ 20, 24News

Մեզ հատկապես վերջին շրջանում համոզում են, թե Հայաստանում տեղակայված Եվրամիության դիտորդական առաքելությունը միջազգային երաշխիք ու Ադրբեջանին զսպող միջոց է, սակայն վարչապետ Նիկոլ Փաշինյանը Տավուշում հանդիպման ժամանակ ժողովրդին սպառնում է Ադրբեջանի ու Թուրքիայի կողմից նոր հնարավոր հարձակմամբ։ Այս մասին 24News-ի «Հետագիծ Նարեկ Գալստյանի հետ» հաղորդման ժամանակ ասել է ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության քարտուղար Տիգրան Աբրահամյանը։

«Եթե այդքան երկար խոսում են, թե ինչ անվտանգություն է բերել այդ առաքելությունը մեր երկրին, դրան հավելվում է Եվրամության հետ մերձեցման անվտանգային երաշխիքները, ապա որն է տարբերությունն այսօրվա և մեկ կամ երկու տարի առաջվա Հայաստանների միջև, եթե ադրբեջանական ներխուժման վտանգն առկա էր թե այն ժամանակ, թե՝ հիմա», - նկատել է ընդդիմադիր գործիչը։

Ըստ Աբրահամյանի, «այս համատեքստում Փաշինյանի հայտարարությունները բավական զարմանալի են, պատերազմի խաղաքարտը նա բավական երկար ժամանակ է՝ ինչ օգտագործում է։ Եթե դա 2021-ին աշխատող խաղաքարտ էր, ապա հիմա այն ընկալվում է որպես շանտաժի գործիք։ Ադրբեջանի ցանկացած պահանջի դեպքում Փաշինյանը կամ այլ իշխանական գործիչ դուրս է գալու մարդամեջ ու սպառնալու է նոր պատերազմով, որպեսզի գնա տարածքային զիջումների», - ասել է նա։

Մանրամասները՝ տեսանյութում։

 

--00—ԱՊ