Երբևիցե ԱԱԾ-ն այսքան թափանցիկ չի եղել․ Արթուր Վանեցյանի հարցազրույցը՝ ShantNews-ին

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆԻՍԻ 15, 24News

1

Ունենք ձեռքբերումներ Հայաստանի Հանրապետության անվտանգության ապահովման գործում, ShantNews-ին տված հարցազրույցում ասել է ԱԱԾ տնօրեն Արթուր Վանեցյանը։

«Ձեռքբերումներն ակնհայտ են, բոլորը տեսնում են և հասարակությունն իր գնահատականը տվել է», - ասել է նա և նշել, որ ԱԱԾ-ն թիրախավորված է ու կառույցի մասին բացասական բաներ խոսողները մեծամասամբ կեղծ տեղեկություններ են տարածում իր մասին։

«Այդ մարդիկ ուղղակի պետք է հաշվի առնեն ու նկատի ունենան, եթե իրենք գաղտնի ինչ-որ մեկի հետ հանդիպում են ու թիրախավորում են ԱԱԾ-ին, ԱԱԾ-ն, ելնելով իր առանձնահատկություններից, դրա մասին իմանում է, ուղղակի մենք չենք բարձրաձայնում՝ որտեղից են ուղղորդվում այդ քննադատությունները», - ասել է Վանեցյանը։

Հարցին՝ 2 միլիոն մարդ կա՝ գիտե՞ն ով ում հետ է հանդիպում, ԱԱԾ տնօրենը պատասխանել է, որ այդ 2 միլիոն մարդիկ շատ լավ են վերաբերվում ու դրական են գնահատում ԱԱԾ-ի աշխատանքը:

«Բայց կա շատ փոքր մարդկանց խումբ, որոնք որոշել են թիրախավորել ԱԱԾ-ին, որովհետև կան ինչ-ինչ պատճառներ։ Իրենց ձեռք չի տալիս, որ ԱԱԾ-ն երկրում ունենա նման հեղինակություն, նման վստահության արժանանա հասարակության կողմից», - ասել է Վանեցյանը։

Արթուր Վանեցյանն ընդգծել է՝ ԱԱԾ տնօրենի պաշտոնը ստանձնելու առաջին իսկ օրից ամեն ինչ արել է, որ ժողովրդի շրջանում վստահություն ձեռք բերեն։

«Եվ մենք կարողացել ենք այդ վստահությունը ձեռք բերել», - նշել է նա։

Արթուր Վանեցյանն ընդգծել է՝ առողջ քննադատությունը, որը հնչում է ԱԱԾ-ի վերաբերյալ, իրենք միշտ լսում են, ընդունում են ու քայլեր են ձեռնարկում։

«Եթե սխալվել ենք, կարող ենք ներողություն հայցել, բայց այն կեղծ ու ստահոդ լուրերը, որոնք տարածվում են ԱԱԾ-ի մասին, անընդունելի են», - ասել է նա։

Դիտարկմանը, թե ԱԱԾ-ի գործը հետախուզությունն ու հակահետախուզությունն է, բայց ԱԱԾ-ն զբաղվում է ցանկացած այլ գործերով, Վանեցյանն արձագանքել է.

«Գիտեք ինչ, ԱԱԾ-ն փակ կառույց է, առհասարակ, երբևիցե ԱԱԾ-ն այդքան թափանցիկ չի եղել, ինչքան վերջին շրջանում է։ ԱԱԾ-ի աշխատանքների մասին բոլորը ենթադրություններով են խոսել, բայց ես ուզում եմ  հավաստիացնել, որ ԱԱԾ-ն հիմնականում զբաղվում է հետախուզությամբ ու հակահետախուզությամբ, ինչպես նաև՝ պայքարում է հնարավոր ահաբեկչական գործողությունների դեմ, բայց դրանք այն գործառույթներն են, որոնց մասին խոսել ուղղակի հնարավոր չէ»։

ԱԱԾ տնօրենը վստահեցրել է, որ իրենք  երբեք չեն անցնում իրենց լիազորությունների շրջանակը ու գործում են օրենքով իրենց վերապահված լիազորությունների մեջ։