Վրացական երազանքի անկումը և Հայկական աշխարհի գաղափարը

Georgia Protests
«Շատերն են կործանվում ուրիշներին կործանելու փորձի ժամանակ» 

Թոմաս Մոր, Կաթոլիկ եկեղեցու սուրբ, Անգլիայի լորդ - կանցլեր (1529-1532), գրող, հումանիստ

Վրաստանում փոթորիկ բարձրացավ, և եթե ալիքները մեծանան, ապա կուլ կտան «Վրացական երազանք» կուսակցության բիձինիական իշխանությունը: «American dream» գաղափարի վրացական կուսակցական ընդօրինակումը, չնայած անվան հավակնոտությանը, բացի դեպի դիկտատուրա ու հետո լճացում տանող Սահակաշվիլու ճանապարհի կասեցումից որևէ ոչ ստանդարտ, առողջացնող, առաջատար բան չարեց և դեռ թողած դրական երեւույթներում էլ հետընթաց գրանցեց: Իվանիշվիլու և թիմի կառավարումը անգույն ու անհետաքրքիր դարձավ, և Սահակաշվիլու կառավարման առաջին ու միջին տարիների համարձակ, կտրուկ և օգտակար պտուղները համտեսած վրացիները ոտքի կանգնելու շարժումներ են անում: Կհաջողվի Սաքարթվելոյում նոր հեղափոխությունը` ցույց կտան մոտ օրերս, բայց ճաքը կա, և առաջին զիջումն էլ եղավ` հրաժարական տվեց պառլամենտի նախագահը:

Հայաստանում վիճակը լողում է անհայտ ուղղությամբ: Վարչապետ Փաշինյանը ցուցադրում է գոհունակություն և բարձր բավարարվածություն իր անձի և քոմփանիի կառավարման նկատմամբ ու գնում.. ու՞ր: 

Նավը (պետությունը) պիտի ուղղորդվի, նավապետը (վարչապետը) պետք է քարտեզ ունենա և իմանա ու հավատա հստակ` ինչու և ուր է տանում նավը, թիմը` (անձնակազմը) ապահովվի ընթացքի կատարելությունը, ուղևորները (ժողովուրդը` առաջին հարկում, հասարակությունը` երկրորդ) պետք հաճույք ստանան, հետաքրքրված լինեն և պատրաստ: Ընթացքի իմաստավորված պատճառահետևանքային կապը չկա: Պակասում է ուղղության գաղափարը:

Լինելով լավ հռետոր և փայլուն տիրապետելով մասսաների հոգեբանությանը` ինչն իր հաջողության և հաղթանակի երկու սյուներն են, Նիկոլը չունի առաջնորդի թեզավորված գիտելիքներ և գաղափարներ, ու գիտակցելով դա ,հրաժարվում է «իզմերից» ` շեշտը դնելով ազնիվների փոքրամասնության և հասարակների մեծամասնության վրա: Նա չի կերակրում ժողովրդին հոգևոր, մտավոր ու որակով նպատակներով: Եվ դրական այն մթնոլորտը, որ կա Հայաստանում անկաշառության, հովանավորյալների բացակայության և սոցիալական արդարության փորձերի մասով` հետին պլան կմղվի ուժեղ, գաղափարական և ռեալ պոլիտիկի զինանոցով զինված ուժի դաշտ մտնելու ժամանակ: Ժանգլյորությունը (կադրային մերթընդմերթ փոփոխություններ, սոցիալական որոշ խավերի ֆինանսական բարձրացում) կարճատև ազդեցություն կունենան, և իշխանությունը կարող է խուճապահար կամ կաթվածահար լինել արտաքին կամ ներքին ֆորսմաժորների դեպքում: Նախկիները դեռևս զբաղված են իրենց ռեսուրսներն ընդդեմ իշխանափոխականների կիրառելով, կացնահարելով, մաշելով: Այստեղ պետականությունը հենման հենարաններ չունի, և նախկին իշխանության ուժերը ու արբանյակները ոչ թե վերաիմաստավորման ձևով գնում են ռեաբիլիտացիայի նպատակի իրագործմանը, այլ` իշխանական ծառը վարկաբեկելու, թունավորելու ու տապալելու ուղին են ընտրել: Ռևանշը, այս ձևով, իրենց գրեթե տրվելի չէ: Քաղաքական այս կլիմայում մտքից չենք բաց թողնում նախկին վարչապետ Տիգրան Սարգսյանի «Հայկական աշխարհի»  գաղափարական թեզը: Այն պետության և հասարակության արդիականացման հանդարտ, ոչ դանդաղ իրագործելի մի առարկա է, որը ճիշտ է նետել քննարկման դաշտ ու տալ թեզի համակարգային էությունը, իրատեսական ձևը: Այն ընդգրկուն և խորը մի տեսություն է, որը հրապարակում լինելու ավելին քան իրավունք ունի: Իշխանություն - ընդդիմություն լեզվակռիվ քաշքշուկը, գաղափարազուրկ ու օրակարգազուրկ առօրյան, տնտեսության դանդաղ շարժը, կուսակցությունների ինսուլտահարվածությունը նույնիսկ չեն ապահովվի «մեկ քայլ առաջ, երկու քայլ հետ» քաղաքական թվաբանությունը: Եղածը ճիշտ ու լավ պահելով` մենք պետք է գնանք այն արահետով, որը մեզ կհանի մի հարթության վրա, որտեղ Վազգեն Սարգսյանը մեզ ասում է. «21 դարը մերն է լինելու», «Մենք պետք է բարձրացնենք մեր համաշխարհային դիմադրողականությունը»: Ի վերջո, Հայաստանի քաղաքացին լիարժեք հպարտ կզգա ու կլինի, երբ իր եսը, տեղն ու դերը ներսում ու դրսում հաստատուն լինի և անխախտ: Մեր հավատավոր ներուժը ամեն ինչին կհերիքի:

Ռուբեն Վարդանյան

պատմաբան