Հանրությունը դեռ թմբիրի մեջ է, չեն գիտակցում՝ ինչ է կատարվում. Քոչարյանի պաշտպան

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒLԻՍԻ 22, 24News

Սևակ

ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի ֆրանսահայ փաստաբան Սևակ Թորոսյանը  լրագրողների հետ հանդիպման ժամանակ հայտարարել է, որ Եվրոպական տեսակետից Ռոբերտ Քոչարյանի նկատմամբ իրականցվող քրեական վարույթն ավարտված է։ Ըստ  նրա՝ գործի յուրահատկությունն այն է, որ գործընթացը քաղաքական է։

«1 տարվա ընթացքում այս գործով շատ ոտնձգություններ են եղել Մարդու իրավունքների Եվրոպական կոնվենցիայի նկատմամբ մարդու իրավունքների խախտման տեսանկյունից, սակայն դրա գագաթնակետն այն էր, երբ Վերաքննիչ քրեական դատարանի դատավորն առանց պաշտպանական կողմին լսելու հեռացավ որոշում կայացնելու։ Նույնիսկ դիկտատուրայում նման բան գոյություն չունի»,–ասել է Սևակ Թորոսյանը, ապա հավելել, որ, Քոչարյանի՝ մեկ տարվա դատավարության ընթացակարգին հետևելով, խախտումների 4 հիմնական փուլ են արձանագրել․ առաջինը Քոչարյանի կալանավորումն էր։

«Դատավորին պարտադրվեց պարոն Քոչարյանի խափանման միջոց ընտրել կալանավորումը. ուզի՞ դատավորը, թե՞՝ ոչ՝ դա առաջին փուլն էր։ Երկրորդ փուլն այն էր, երբ կալանքից ազատումից հետո եղավ վարչապետի հրահանգը դատարանների դռները փակելու, որն ուղիղ ազդեցություն էր իրավական համակարգի վրա»,-ասել է նա:

Սևակ Թորոսյանը նաև նշել է, որ 3-րդ փուլը փաստաբանի ելույթ չունենալն էր, և 4-դը, որը նա բնորոշեց որպես զառանցանքի հասնող փուլ, դա վարույթ սկսելն էր այն դատարանի նկատմամբ, որը կալանքից ազատել էր Քոչարյանին։ Բայց այս ընթացակարգը դեռևս ավարտված չէ և այս չորս փուլերից յուրաքանչուրը հետևանք պետք է ունենար՝ նվազագույնը պատասխանատու անձանց տվյալ գործից ազատում, բայց ինձ թվում է, թե ՀՀ-ում բոլորը քնած են։ Դժվարությամբ եմ հասկանում մարդկանց իներտ վիճակն այսօր»,-ասել է Սևակ Թորոսյանը և տեղեկացրել, որ առաջիկայում պայքար կսկսեն անկախ դատավորները․ «Փորձ է արվել վախեցնել դատավորներին, և կտեսնենք անկախ, խիզախ դատավորների դիմադրությունն այս իրավիճակին: Կա՛մ այդ անկախ դատավորների պայքարը կհաղթանակի, կա՛մ ես որևէ ապագա չեմ տեսնում»։

Փաստաբանը հույս հայտնեց, որ այս գործով ՍԴ-ն կընդունի որոշում, որը վերջ կտա «կատակերգությանը».

«Հանրությունը դեռ թմբիրի մեջ է, չեն գիտակցում՝ ինչ է կատարվում։ Ես հույս ունեմ, որ մենք չենք հասնի Եվրոպական դատարան և ՄԻԵԴ-ում Հայաստանի դեմ որոշում չի կայացվի։ Ես հույս ունեմ, որ Սահմանադրական դատարանը կընդունի որոշում, որը վերջը կտա այս կատակերգությանը։ Եթե դատարանը պարոն Քոչարյանին կամ ցանկացած մեկին դատապարտի 300.1 հոդվածով, ապա վստահ եղեք, որ 1-5 տարի հետո ձեր հետևից էլ կգան, ձեզ՝ լրագրողներիդ, փաստաբաններին, յուրաքանչյուր անձի մեղադրելով, որ նրանք սահմանադրական կարգը տապալում են։ Քրեական հանցագործությունը պետք է հստակ, որոշակի բանաձևվվի, բայց այս գործում ոչինչ որոշակի չէ։ Ես Ֆրանսիայում բազմաթիվ պրոֆեսիոնալներ մասնագետների հետ եմ խորհդրակցել, նրանք մինչ այսօր չեն հասկանում՝ ինչ է նշանակում սահմանադրական կարգի տապալում, այս հոդվածի ռիսկը այն է, որ սուբյեկտիվ է, կամայականության հիմք է տալիս», - հայտարարեց նա։

 

Տեսանյութեր

Live

Լրահոս

Related news