Արցախի օմբուդսմենը դատապարտում է հայ զինվորին քարոզչական գործիք դարձնելու՝ Ադրբեջանի քայլը

ԵՐԵՎԱՆ, ՕԳՈՍՏՈՍԻ 13, 24News

Արտակ

Արցախի Հանրապետության Մարդու իրավունքների պաշտպան Արտակ Բեգլարյանը հայտարարություն է տարածել՝ դատապարտելով հայ զինվոր Արայիկ Ղազարյանին հանրային հետաքրքրասիրության առարկա եւ քարոզչական գործիք դարձնելու Ադրբեջանի քայլերը: Այս մասին հայտնում է Արցախի Հանրապետության Մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակը։

«Օգոստոսի 12-ին ԱՀ Պաշտպանության բանակը պաշտոնապես տեղեկացրել է, որ նույն օրը ՊԲ զորամասերից մեկի պահպանության տեղամասից, դեռեւս չպարզված հանգամանքներում, մարտական դիրքը լքել է զինծառայող Արայիկ Հայկի Ղազարյանը: Այնուհետեւ ադրբեջանական լրատվամիջոցները տեղեկացրել են, որ նա Ադրբեջանի տարածքում է՝ հրապարակելով Ա. Ղազարյանի որոշ լուսանկարներ:

Պաշտպանը դատապարտում է ադրբեջանական կողմի քայլերը՝ ուղղված ԱՀ զինծառայողին հանրային հետաքրքրասիրության առարկա եւ քարոզչական գործիք դարձնելուն: Ադրբեջանի մոտ ավանդական գործելաոճ է դարձել իր տարածքում հայտնված հայազգի քաղաքացիական անձանց եւ զինծառայողների՝ միջազգային մարդասիրական իրավունքով սահմանված իրավունքները խախտելը:

Ժնեւյան կոնվենցիաները նախատեսում են զինված ընդհարման մեջ գտնվող կողմի տարածքում հայտնված զինվորականների (Ժնեւյան 3-րդ կոնվենցիա, հոդված 13) եւ քաղաքացիական անձանց (Ժնեւյան 4-րդ կոնվենցիա, հոդված 27) պաշտպանություն՝ հանրային հետաքրքրասիրությունից: Ըստ էության, այդ մարդասիրական նորմը կարեւոր է տվյալ խոցելի խմբին ոչ միայն հանրության հնարավոր բացասական վերաբերմունքից զերծ պահելու, այլ նաեւ՝ հակամարտության պայմաններում քարոզչական գործիք չդարձնելու տեսանկյուններից:

Այս պայմաններում կարեւոր է, որ միջազգային կազմակերպություններն արագ արձագանքեն իրավիճակին եւ կանխեն Արայիկ Ղազարյանի հանդեպ հետագա հնարավոր իրավախախտումները: Այդ առումով պաշտպանը կապի մեջ է պետական եւ միջազգային պատկան մարմինների հետ՝ պատրաստ լինելով իր լիազորությունների շրջանակներում աջակցել իրավիճակի դրական հանգուցալուծմանը»,-նշվում է հայտարրաության մեջ:

Տեսանյութեր

Live

Լրահոս

Related news