Գյումրիում պետությունից սպասումները մեծ չեն, բայց քաղաքին տրվող կարևորությունը զգացվում է

ԵՐԵՎԱՆ, ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 7, 24News

Հասարակություն

Գյումրիում անօթևանության երկու տիպի խնդիր կա՝ վթարային շենքեր և ավելի քան 2800 տնակներ։ 24News-ի հետ զրույցում Գյումրիի և Սպիտակի երկրաշարժի տարելիցի օրվա կապակցությամբ, ասաց «Շիրակ կենտրոն» ՀԿ-ի նախագահ Վահան Թումասյանը և ընդգծեց՝ կյանքը առաջ է գնում, անգամ եթե իշխանությունը ծրագրեր չի ներկայացնում, մարդիկ իրենց գլխի ճարը տեսնում են։ 

«Գյումրիում տասնյակ վթարային շենքեր կան, որտեղ 2000-3000 ընտանիքներ են ապրում։ Այդ բոլոր շենքերը ամրացման ենթակա են։ Աստված չանի, մի քիչ ուժեղ երկրաշարժ լինի, դրանք գետնին կհավասարվեն։ Ինչ վերաբերում է տնակներին, ապա հաշվառվել է պաշտոնապես 2800 տնակ, բայց իմ հաշվարկով դրանք մոտ 3000 են։ Այդ ընտանիքների կյանքում ոչինչ չի փոխվել, ավելին՝ այս տարի վառելափայտ ավելի քիչ ընտանիք ունի, քան նախորդ տարի, որովհետև անտառից փայտ բերելը դժվարացել է»,-ասաց նա։ 

Վահան Թումասյանն ընդգծեց, որ «Շիրակ կենտրոնն» այս տարի 15 ընտանիքի բնակարանով է ապահովել, շուտով պատրաստվում են 16-րդը հատկացնել, ևս 10 ընտանիքի այլ հիմնադրամներ են բնակարան հատկացրել։

«Պետությունը դեռ խոստանում է, շոշափելի գործողություններ 2020-ից կսկսվեն։ Սակայն սպասումները մեծ չեն, որովհետև ծրագրերն արդեն հաստատված են, իմաստ չունի մեծ փոփոխությունների սպասել, բայց որ Գյումրին կարևորվում է, արդեն որոշակի սպասելիքներ է առաջացնում»,-ասաց նա։

«Շիրակ կենտրոնի» ղեկավարը նաև նշեց, որ 2019թ․ Գյումրիում այնպիսի ծրագրեր չեն իրականացվել, որոնք կազդեին մարդկանց բարեկեցության վրա։

Հասմիկ Կիրակոսյան