Զինծառայողի մահվան դեպքով ՊԲ մի շարք սպաներ զորացրվել և կարգապահական տույժի են ենթարկվել

ԵՐԵՎԱՆ, ՓԵՏՐՎԱՐԻ 6, 24News

զինվոր

ՊԲ զորամասերից մեկում ս. թ. հունվարի 30-ին տեղի ունեցած մահվան ելքով դեպքի հանգամանքները պարզելու համար բանակի հրամանատարի հրամանով ստեղծված հանձնաժողովի կողմից անց է կացվել ծառայողական քննություն:

Քննության արդյունքներով որոշում է կայացվել մի շարք ավագ սպանների, այդ թվում՝ զորամասի հրամանատարի բարոյահոգեբանական ապահովման գծով տեղակալին և դիվիզիոնի հրամանատարին զորացրել զինված ուժերի շարքերից:

Նույն գործի շրջանակում  խիստ կարգապահական տույժերի են ենթարկվել զորամասի հրամանատարն ու նրա տեղակալները, իսկ որոշ պաշտոնատար անձանց նկատմամբ կիրառվել է պաշտոնի իջեցում:

Հավելենք նաև, որ հետաքննությունը շարունակվում է և տույժի ենթարկված տվյալ պաշտոնատար անձիք այդքանով հանդերձ չեն ազատվում հետագա հնարավոր քրեական պատասխանատվությունից:

Հիշեցնենք, որ հունվարի 30-ին՝ ժամը 13:15-ի սահմանում, ՊԲ կենտրոնական ենթակայությամբ գործող զորամասերից մեկում, դեռևս չպարզված հանգամանքներում, մահացու հրազենային վիրավորում է ստացել ՊԲ զինծառայող, 2000թ. ծնված Վահրամ Մկրտիչի Ավագյանը:

Դեպքի մանրամասները պարզելու համար կատարվում է քննություն:

Արցախի Հանրապետության պաշտպանության նախարարությունը կիսում է կորստյան ծանր վիշտը և իր զորակցությունը հայտնում մահացած զինծառայողի ընտանիքի անդամներին, հարազատներին և ծառայակիցներին: